ՀՔԱՎ-ը` ընդդեմ ՀՀ Կառավարության գործով կայացավ նախնական դատական նիստ
17:51, February 25, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Կ. Ավետիսյանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը` ընդդեմ ՀՀ վարչապես Հ. Աբրահամյանի՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի գործով տեղի ունեցավ նախնական դատական նիստ: Սույն հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է պարտավորեցնել ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին՝ տրամադրել 1992-2015թթ. ընթացքում ՀՀ վարչապետի կողմից զենքով պարգևատրված անձանց տվյալները` ըստ տարիների:
Նախնական դատական նիստին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացուցիչ, Կազմակերպության իրավաբան Անի Չատինյանը և ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի ներկայացուցիչ Էդգար Անդրեասյանը:
Հայցվորի ներկայացուցիչ Ա. Չատինյանը ներկայացրեց հայցադիմումի հիմքերը և առարկան: Մասնավորապես, վերջինս նշեց, որ Կազմակերպությունը տեղեկատվության հարցմամբ դիմել է ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն ՀՀ վարչապետի կողմից 1992-2015 թթ. զենքով պարգևատրված անձանց քանակի, հանձնված զենքների տեսակների մասին՝ միաժամանակ խնդրելով տեղեկատվությունը տրամադրել` ըստ առանձին տարիների և անձանց: ՀՀ Կառավարության գրությամբ, սակայն, տրամադրվել է ոչ ամբողջական տեղեկատվություն, այն է՝ տրամադրվել է 1998-2015 թթ. ընթացքում զենքով պարգևատրված անձանց քանակը, և նշելով` որ զենքով պարգևատրելու վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշումներն անհատական իրավական ակտեր են, չի տրամադրվել նաև զենքով պարգևատրված անձանց տվյալները: Այդպիսով, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթներով, Ա. Չատինյանը պահանջեց պարտավորեցնել ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին տրամադրել Կազմակերպության կողմից պահանջված տեղեկատվությունը 1992-1998 թթ. համար, ինչպես նաև զենքով պարգևատրված անձանց տվյալները:
Նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցչի և Դատարանի կողմից հարց բարձրացվեց ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին պատշաճ պատասխանող ՀՀ Կառավարությամբ փոխարինելու վերաբերյալ: Ա. Չատինյանը միջնորդեց կատարել պատշաճ պատասխանողի փոխարինում, և գործով որպես պատասխանող ճանաչվեց ՀՀ Կառավարությունը:
Դատարանն անհրաժեշտ համարեց սույն գործով նշանակել ևս մեկ նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 2016 թ. մարտի 15-ին, ժամը 15:00-ին: