Տեղեկատվություն ստանալու համար գանձվող գումարները սահմանափակում են տեղեկատվության ազատությունը. իրավապաշտպան
11:34, February 26, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը Սահմանադրական դատարանի որոշումը տեղեկատվության ազատության կենտրոնի հայցով էական նշանակություն ունեցող որոշում է համարում:
«Կարեւոր նշանակություն կարող է ունենալ, որ անկախ գերատեսչական ենթակայությունից տեղեկատվության ստացման համար կիրառվեն տեղեկատվության ազատության մասին սահմանված նորմերը, ոչ թե այլ օրենսդրական նորմեր, որոնք ավելի մեծ ծախսեր էին պահանջում տեղեկատվություն պահանջողից: Ըստ էության, այդ ծախսերը սահմանափակում էին տեղեկատվության ազատության մասին օրենքը»,- ասաց Արթուր Սաքունցը:
Տեղեկատվության ազատության կենտրոնի նախկին իրավաբան Գեւորգ Հայրապետյանն էլ կարծում է՝ արդար չէ, որ տեղեկատվությունը վաճառվի մարդուն, որովհետեւ հենց մարդուց է վերցվել, իսկ կադաստրի պետական կոմիտե դիմած իրենց հարցը Փակ շուկայի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրություն ունեցող հարց էր:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր կադաստրին, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանար: Պահանջում էինք Փակ շուկայի ճարտարապետաշինարարական, հատակագծային փաստաթղթերի պատճենները, այն ամենը, ինչով կարող էր հերքվել կամ հիմնավորվել Փակ շուկայում իրականացվող շինարարության օրինականությունը: Իսկ կադաստրից ասել էին, որ տեղեկությունների համար պետք է վճարել»,- ասաց կենտրոնի նախկին իրավաբանը:
Ըստ նրա, իրավունքները պետք է իրականացնել տեղեկատվության ազատության մասին օրենքով, որի շրջանակում օրենքի պայմանները թելադրում են, որ մինչեւ տասը էջ տեղեկությունը տրամադրվում է անվճար, դրանից հետո նոր վճարովի հիմունքով, այն էլ վճարը պետք է լինի ողջամիտ: