Համացանցից անտեղյակ դատավորը
17:40, March 1, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թվականի փետրվարի 22-ին ՀՀ Վարչական դատարանը մերժեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը՝ ընդդեմ ՀՀ Ֆինանսների նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջով:
Հիշեցնենք, որ Կազմակերպությունը տեղեկատվության հարցմամբ դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարություն՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել Կազմակերպություն դիմած անձի կողմից տրանսպորտային միջոցի մաքսազերծման գումարի հաշվարկման կարգի, դա կարգավորող իրավական ակտի, հաշվարկված գումարի մեջ ընդգրկված հարկատեսակների վերաբերյալ: Հարցմամբ պահանջվել էր տրամադրել տեղեկատվական բազայի կրկնօրինակը: Տեղեկատվություն տնօրինող ՀՀ Ֆինանսների նախարարությունը պատասխան գրությամբ տրամադրել էր ոչ ամբողջական տեղեկատվություն, մասնավորապես, հայտնվել էր, որ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային մարմնի բազայում առկա արժեքների ցանկն ամփոփ տարբերակով հրապարակվում և ներկայացվում է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը՝ դրա համար հատուկ հատկացված վայրում:
Դատարանը 2016 թվականի փետրվարի 22-ի վճռով հիմնավորել է ՀՀ Ֆինանսների նախարարության այն պնդումը, որ Կազմակերպության կողմից պահանջվող տեղեկատվությունը առկա է ՀՀ ՖՆ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը դրա համար հատկացված վայրում: Դատարանը վկայակոչում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, որով տեղեկատվության հրապարակում է համարվում տեղեկությունը մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, համաշխարհային համակարգչային ցանցով (ինտերնետ), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով հանրությանը տեղեկացնելը կամ մատչելի դարձնելը:
Եթե բացառման մեթոդով վերլուծելու լինենք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի «հրապարակում» եզրույթի սահմանումը, ապա կարելի է ենթադրել, որ մաքսատան պատը հանդիսանում է «օրենսդրությամբ սահմանված այլ միջոց», իսկ թե ինչ միջոցներ է սահմանում օրենսդրությունը, հայտնի չէ:
Հարցը դիտարկելով քաղաքացու տեսանկյունից, պարզ է դառնում, որ 21-րդ դարում անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար մարդիկ ստիպված են լինելու հասնել մաքսատուն և միայն այնտեղ տեղեկանալ սահմանված սակագներին, մինչդեռ այդ ամենը կարելի էր հասանելի դարձնել համացանցում, առավել ևս եթե ելնենք օրենքի այն դրույթից, որ տեղեկատվությունը պետք է մատչելի դարձնել հանրությանը. մաքսատանը տեղեկատվության տրամադրումը մատչելի համարել հաստատ չի կարելի:
Ավելին, բացի նրանից, որ ապահովված չէ տեղեկատվության՝ հանրությանը մատչելի տարբերակով տրամադրումը, Ֆինանսների նախարարությունը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանը պատշաճ կարգով պատասխանելու փոխարեն, մատնանշել է այդ նույն մաքսատան պատը, որի վրա էլ «հանրությանը հասանելի են դարձրել տեղեկատվությունը»:
Այսպիսով՝ ՀՀ Վարչական դատարանը օրինականացրել է ՀՀ Ֆինանսների նախարարության ապօրինի վարքը և գտնում է, որ մաքսատան պատը հավասարազոր է տեղեկատվության միջոցի: