Թմրամիջոցներ գործածող անձանց հաշվառման գործընթացում տեղի կունենան փոփոխություններ
18:57, March 3, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ռ. Ղ.-ի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած հայցը՝ ընդդեմ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲ Ընկերության` Ռ. Ղ.-ի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ առկա գրառումներն ու հաշվառումը վերացնելու պահանջով:
Դատարանը որոշման հիմնավորումների մեջ, ի թիվս այլ հանգամանքների, նշել է նաև, որ «Թմրամոլների նկատմամբ բժշկական դիտարկման և նրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության 20.12.2007թ. թիվ 1599-Ն որոշման համաձայն՝ անձին թմրամոլ հաշվառելու հիմքեր են անձի նկատմամբ իրականացրած բժշկական հետազոտությունը, որի արդյունքում անձի մոտ հայտնաբերվել է թմրամոլություն հիվանդություն և բժիշկ-նարկոլոգի կողմից տրված ախտորոշումը, մինչդեռ տվյալ դեպքում Ռ. Ղ.-ը հաշվառման է վերցվել՝ համապատասխան բժշկական հետազոտության և բժիշկ-նարկոլոգի կողմից տրված ախտորոշման բացակայության պայմաններում:
2016 թվականի փետրվարի 9-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարար Ա. Մուրադյանին, որով խնդրել է, հաշվի առնելով Ռ. Ղ.-ի գործով Դատարանի 2015 թ. դեկտեմբերի 23-ի վճիռը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան գործունեությունը նաև թմրամիջոց գործածող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, պարտավորեցնել թմրաբանական բժշկական հաստատություններին փոփոխելու ՀՀ Կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1599-Ն որոշման 10-րդ կետի կիրառման ոլորտում առկա գործնական մոտեցումները՝ դրանք համապատասխանեցնելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի դրույթներին, ինչը կկանխի «թմրամոլություն» կամ «թմրամոլ» ախտորոշում չունեցող անձանց որպես թմրամոլ հաշվառման հետագա դեպքերը, ինչպես նաև պարզելու «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ (առանց համապատասխան ախտորոշման) թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառման դեպքերը՝ դրանք վերացնելու և անձանց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարին ուղղված գրությամբ ընդգծվել է, որ ըստ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ տոքսիկոքիմիական լաբորատորիաների փորձագիտական եզրակացության կրկնօրինակները ոչ թե հիմք են անձին որպես թմրամոլ հաշվառելու, այլ նրան սահմանված կարգով բժշկական հետազոտության ենթարկելու համար:
2016 թվականի մարտի 1-ի պատասխան գրությամբ ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին հանձնարարվել է պահպանել «Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ Կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Թմրամոլների նկատմամբ բժշկական դիտարկման և նրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» թիվ 1599-Ն որոշման պահանջները, ինչպես նաև առաքվել է Ավան և Նոր-Նորք ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 23-ի օրինական ուժի մեջ մտած վճռի օրինակը:
Հավելենք, որ 2016 թվականի փետրվարի 25-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կազակերպվել էր քննարկում՝ «Թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ իրականացվող քաղաքականության հիմնախնդիրները: Հիմնական թերությունների վերհանումը և բարեփոխումների անհրաժեշտությունը» թեմայով:
Թմրամիջոց գործածող անձանց հաշվառմանը վերաբերող թեմայի շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև Դատարանի վերոնշյալ վճռին՝ որպես նախադեպի: