Լրագրողների և դիտորդների թվի սահմանափակումը նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Արթուր Սաքունց
22:04, March 4, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չի տեսնում Ընտրական օրենսգիրքը բարելավելու միտում: Ըստ նրա` օրեր առաջ հրապարակված ԸՕ-ն ոչ թե գնում է նախկինում բարձրաձայնված խնդիրների լուծմանն, այլ սահմանափակումների ճանապարհով: Այս մասին NewsBook-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:
«Այդ թվի սահմանափակումը, որ ընտրատեղամասերում պետք է լինեն 8 դիտորդ և լրագրող, բացարձակապես որևէ նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում և նույնիսկ չի բխում պրակտիկայից, որ ասեն` գիտեք` լցված էին տեղամասում այնքան, որ տեղ չէին անում: Մեզ մոտ գնացել են տարածքի սահմանափակումից ելնելով թվի սահմանափակման, որը բոլորովին անտրամաբանական է: Չեն վերացրել նաև դիտորդների ստուգարք հանձնելու դրույթը, որի մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ զեկույցում ասել էր»,- ասաց Սաքունցը:
Նա տեղեկացրեց, որ մարտի 14-ից 17-ը Վենետիկի հանձնաժողովը ժամանելու է Երևան, և իրենք վերջիններիս հետ հանդիպումներում պատրաստվում են բարձրաձայնել բոլոր խնդիրները:
Ինչ վերաբերվում է իշխանության հետ սպասվող քննարկումներին, ԸՕ-ի նախագծի վերաբերյալ Սաքունցն ասաց, թե այն մոտեցումը, որը որդեգրեց իշխանությունը, ոչ մեկին մասնակից չդարձնելով նախագծի պատրաստմանը, դա կասկածի տակ է դնում այն, որ ինքը հակված է ընդունել առաջարկությունները:
«Իհարկե, կան վերապահումներ, բայց Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումից հետո կտեսենք: Ազգային ինստիտուտների և իրենց հետ քննարկումների սպասելիքներ չկան»,- եզրափակեց Սաքունցը: