Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով իններորդ դատական նիստի մասին
14:42, March 14, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիք2016 թվականի մարտի 11-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի իններորդ արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:
Դատական նիստի սկզբում հարցաքննվեց դատակոչված վկա, սահմանապահ ջոկատի վարորդ Ռոմիկ Խաչատրյանը, որը գործի վերաբերյալ էական տեղեկություններ չհայտնեց:
Նախորդ դատական նիստին Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդության առնչությամբ, որով պահանջվել էր հարցաքննել նաև Վ. Պերմյակովի զորացրված ծառայակիցներին, Դատարանը դիմել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը:
Ռազմաբազայից պատասխան գրությամբ հայտնել էին, որ զորացրված զինծառայողների վերաբերյալ որևէ տեղեկատվության ռազմաբազան չի տիրապետում:
Ապացույցների հետազոտման փուլում ուսումնասիրվեցին գործում առկա փաստաթղթերը: Առաջին երեք հատորները ուսումնասիրելուց հետո Վ. Պերմյակովի ինքնազգացողությունը վատացավ, որից հետո Դատարանը ընդմիջում հայտարարեց:
Ավելի ուշ Դատարանը հայտնեց, որ դատական նիստը հետաձգվում է:
Ավետիսյանների սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թ. մարտի 18-ին՝ ժամը 12:00-ին: