«Ինչու Ջհանգիրյան Գագիկը պետք է լինի ԱԺ պատգամավոր»
22:14, March 17, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄԻԵԴ-ում արձանագրվեցին Մատաղիսի գործով խախտումները, որոնք էական նշանակություն ունեին այդ գործի քննության վրա: Այսօր Մատաղիսի գործով ՄԻԵԴ-ի հրապարակմանն անդրադառնալով՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Ըստ նրա, եվրոպական դատարանի որոշումը զինվորական գործերի վրա էական նշանակություն կարող է ունենալ, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակում քննության մեջ ընդգրկված անձանց իրավունքների պաշտպանության առումով:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումներ եւ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք) խախտում չի եղել։ Դատարանը նշել է, որ զինծառայողների գործով խախտվել է կոնվենցիայի 3-րդ հոդվածի խոշտանգումների ենթարկված անձանց հարցով արդյունավետ հետաքննության մասին դրույթը, իսկ Զալյանի մասով խախտվել 5-րդ հոդվածի 1, 2, 3 կետերը (ազատության եւ անվտանգության իրավունքը)։
Հիշեցնենք, նաեւ որ 2004 թ. ապրիլի 19-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը հրավիրվել են հրամանատարի սենյակ՝ 2003 թ. դեկտեմբերին սպանված երկու զինծառայողների գործով հարցաքննության նպատակով: Սկզբում նրանք հարցաքննվել են որպես վկաներ, ապա զինվորական ղեկավարությունը փորձել է բռնությամբ ստիպել, որ վերջիններս ընդունեն մեղքը:
«Սա այն եզակի դեպքերից է, երբ ՄԻԵԴ-ի որոշման հետ միասին ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում դերակատարում ունեցավ ՀՀ դատարանը: Սա իրապես նախադեպային նշանակություն ունի, որ Վճռաբեկ դատարանի դատավորը այն ժամանակ 2006-ի դեկտեմբերին որոշեց արդարացնել Վերաքննիչ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված անձանց: Այդ նախադեպը շատ ավելի մեծ նշանակություն ունի ՀՀ արդարադատության իրականացման համար, թեկուզ այն համակարգային ազդեցություն չունեցավ, բայց ՄԻԵԴ-ի այսօրվա որոշումը եկավ ամրապնդելու որ Վճռաբեկ դատարանի որոշումը համահունչ էր: Այսինքն, ազգային դատարանի ու ՄԻԵԴ-ի որոշումները համահունչ էին գործի առումով: Սա կարեւոր նախադեպ է, որ անելիքներ ունենք ազգային դատարաններում, մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ արձանագրելու արդարադատություն»:
Պարոն Սաքունցը նկատեց, որ Մատաղիսի գործով մեղավոր մի շարք պետական պաշտոնյաներ, որ միայն պատասխանատվության չենթարկվեցին, այլեւ շարունակում են պաշտոններ զբաղեցնել: Նա հիշեցրեց, որ Ներկայիս ՃՈ պետ Արմեն Հակոբյանը Մատաղիսի գործով քննիչն էր, իսկ այն ժամանակվա զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը ներկայումս ԱԺ պատգամավոր է. «Մատաղիսի գործը նաեւ յուրահատուկ փաստ է արձանագրում, որ մարդու իրավունքների խախտումների նկատմամբ պատասխանատվության հարցը համակարգային նշանակություն ունի. Ոչ միայն իրավապահ մարմինների, դատական իշխանության, այլեւ քաղաքական որ ժերին, որոնք կապ չունի, թե որ դիրքում են գտնվում…ինձ համար նույն հարթությունում գտնվող հարց է՝ ինչու Արմեն Հակոբյանը պետք է պաշտոնավարի, նմանապես, ինչու ԱԺ պատգամավոր հանդիսանա Ջհանգիրյան Գագիկը»: