Հայտարարություն՝ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում տեղական դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության սահմանափակումների վերաբերյալ
16:03, March 19, 2016 | Համատեղ, Հայտարարություններ | Ընտրական իրավունքՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում տեղական դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության սահմանափակումների վերաբերյալ
Ս.թ. մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հաստատել և ՀՀ ազգային ժողով է ներկայացրել ժողովրդավարության սկզբունքներին հակասող, փակ գործընթացներով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով մշակված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը:
Ի թիվս նախագծում առկա բազմաթիվ այլ խնդիրների, դրանում հաշվի չեն առնվել ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ 2012թ. Խորհրդարանական ու 2013թ. Նախագահական ընտրություններից և 2015թ. Սահմանադրական հանրաքվեից հետո տրված հանձնարարականները՝ տեղական դիտորդների հավատարմագրման խոչընդոտները վերացնելու և բողոքարկման հետ կապված նրանց իրավասություններն ընդլայնելու վերաբերյալ, ինչպես նաև գործող օրենսդրության համեմատ նախատեսվել են դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության լուրջ սահմանափակումներ՝ փորձելով հնարավորինս անվերահսկելի դարձնել ընտրական գործընթացները: Այսպես,
- Միաժամանակ 8-ից ավելի դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների ներկայության արգելքը տեղամասում (հոդված 65, մաս 7) բացարձակապես հիմնավորված չէ և չի կարող համարվել իրավաչափ սահմանափակում: Ավելին, այն գործնականում կարող է կիրառվել սկզբունքային և անկողմնակալ դիտորդական կազմակերպություններին և ԶԼՄ ներկայացուցիչներին տեղամասի մոտ «հերթի մեջ» պահելու և տեղամաս մուտք գործելու հնարավորությունից զրկելու համար: Մյուս կողմից նման կարգավորումը նաև անտրամաբանական է այն առումով, որ կազմակերպությունները դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով անցում են որոշակի գործընթաց և հավատարմագրվում են ԿԸՀ-ի կողմից, սակայն, փաստորեն, վերջինիս կողմից տրված վկայականը երաշխիք չէ, որ դիտորդի կարգավիճակ ունեցող հասարակական կազմակերպությունը կարող է քվեակության օրը մուտք գործել ընտրատեղամաս և իրականացնել իր առաքելությունը:
- Եթե նույնիսկ դիտորդական առաքելությունը բարեբախտություն ունենա հայտնվել «թույլատրելի» ութնյակում և մուտք գործել ընտրատեղամաս, ապա, ըստ նախագծի, այն ունի դիտարկման համար խիստ սահմանափակ իրավունքներ՝ միայն հարցեր տալ ընտրությունների համար պատասխանատու պաշտոնյաներին և նրանց ուշադրությունը հրավիրել խախտումների վրա (հոդված32, մաս 2): Ընդ որում, «պատասխանատու պաշտոնյաների» ձևակերպման անհստակությունը և «ուշադրություն հրավիրելու» իրավունքի իրացման անորոշությունը որևէ գործնական դեր չեն կարող ունենալ դիտորդի կողմից նկատված ընտրախախտումը կանխելու կամ խափանելու առումով, քանի որ դիտորդին իրավունք չի տրվում՝ ներկայացնելու խախտումը վերացնելու պահանջ կամ առաջարկ: Սա էական հետընթաց է գործող օրենսդրությունից, որտեղ դիտորդը գոնե կարող է հանձնաժողովի նախագահին ներկայացնել իր դիտարկումներն ու առաջարկությունները:
- Ըստ նախագծի, դիտորդներն իրենց անձնական դիտարկումները կարող են ներկայացնել ընտրական հանձնաժողովներին դիտորդական առաքելության զեկույցի միջոցով, և դիտորդների բոլոր եզրահանգումների համար պետք է հիմք հանդիսանան իրենց անձնական դիտարկումները (հոդված 32, մաս 3): Այս դրույթով սահմանափակվում է դիտորդական առաքելության ազատ եզրահանգում անելու հնարավորությունը: Բացի այդ, դիտորդությունը լինում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ, որի ընթացքում կարող են օգտագործվել նաև տվյալների երկրորդային աղբյուրներ:
- Ընտրական օրենսգրքի նոր նախագծով խիստ թուլացել են դիտորդի՝ տեղամասում գտնվելու դեպքում իրավական պաշտպանվածության երաշխիքները: Եթե գործող իրավակարգավորմամբ դիտորդին տեղամասից կարելի է դուրս հանել միայն ձերբակալման կամ կալանավորման դեպքում, ապա, ըստ նախագծի, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից կամ քվեարկության սենյակից այն դեպքում, եթե ընտրական հանձնաժողովը ձայների 2/3-ով գտնի, որ դիտորդն աջակցում է որևէ թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կամ խախտում է ընտրական օրենսգրքի պահանջները (հոդված 31, մաս 5): Սա ընտրական հանձնաժողովներին տրված անվերահսկելի լայն լիազորություն է, որը կարող է չարաշահվել, և հանձնաժողովների կամայական որոշումներով տեղամասերից դուրս հանելով անցանկալի դիտորդներին՝ քվերակության ընթացքը հնարավորինս հեռու պահել հանրային վերահսկողությունից: Ինչ վերաբերում է այն փաստարկներին, որ ընտրական հանձնաժողովը ձայների 2/3-ի շեմը հավասարակշռում է հայեցողությունը և սահմանափակելու է կամայականությունը, ապա այն ևս չի դիմանում քննադատության, քանի որ վերջին տարիների ընտրությունների և, հատկապես, 2015թ. հանրաքվեի փորձն ապացուցում է, որ նույնիսկ երբ դիտորդների, ԶԼՄ-ներկայացուցիչների և վստահված անձանց կողմից բացահայտվում էին տարբեր բնույթի ընտրախախտումներ կամ կեղծիքներ, հանձնաժողովները (թեև ենթադրաբար միատարր չեն և հիմնված են ազատ և ինքնուրույն սուբյեկտների հավասարակշռման գաղափարի վրա) միաձայն և միահամուռ ընդդիմանում էին դրանց ուղղությամբ իրենց լիազորությունների տիրույթում որևէ գործողություն կատարելուն, այդ թվում՝ խախտումների փաստերը գրանցամատյաններում կամ հատուկ կարծիքներով ֆիքսելուն:
- Եվ վերջապես, նախագծինորամուծություններից է քվեարկության հաջորդ օրը դիմումի հիման վրա տեղամասի քվեարկությանը մասնակցած անձանց ստորագրած ցուցակներին ծանոթանալու դիտորդների իրավունքը (հոդված32, մաս 1, կետ 3): Ընդ որում, շեշտվում է, որ ստորագրված ցուցակները չեն կարող լուսանկարահանվել և տեսանկարահանվել, իսկ ծանոթանալու այլ եղանակների՝ ձեռագիր գրառումներ կատարելու կամ արտագրելու համար սահմանված է ընդամենը 2 ժամ: Ակնհայտորեն, այս պայմաններում հնարավոր չէ իրականացնել պատշաճ դիտարկում և անճշտությունների վերհանում, քանի որ ամենապարզ թվաբանությամբ անգամ 2000 ընտրող պարունակող ցուցակի յուրաքանչյուր տողին ծանոթանալու համար տրվում է6 վրկ:
Ըստ ամենայնի, դիտորդներին տրվող այս վերջին պատրանքային իրավունքը ՀՀ կառավարության կողմից «շնորհված» է ի պատասխան քվեարկության մասնակիցների ստորագրված ցուցակների հրապարակման շարունակական պահանջի: Ուստի, հարկ ենք համարում հստակեցնել, որ տվյալ պահանջի նպատակը ոչ թե դիտորդների համար ընտրողների ստորագրված ցուցակներին ծանոթանալու հնարավորություն ընձեռելն է, այլ քվեարկության մասնակցության նկատմամբ հանրային վերահսկողության իրական և արդյունավետ հնարավորության ստեղծումը յուրաքանչյուր քաղաքացու համար: Այսինքն, ստորագրված ցուցակների հրապարակումը այլընտրանք չունի հանրային վստահությունը բարձրացնելու առումով և չի կարող փոխարինվել որևէ այլ մեթոդներով: Ավելին, ընտրողների ստորագրած ցուցակները պետք է հրապարակվեն էլեկտրոնային եղանակովև որոնման հնարավորությամբ, հակառակ դեպքում՝ միջոցը չի ծառայի իր նպատակին:
Սույն հայտարարությամբ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իր դժգոհությունն է հայտնում ինչպես նախագծի մշակման գործընթացի առնչությամբ, այնպես էլ՝ նախագծում տեղ գտած հանրային վերահսկողությանն առնչվող իրավակարգավորումների վերաբերյալ՝ արձանագրելով, որ ներկայացված նախագիծը ոչ միայն չի ապահովում հանրային վերահսկողության իրական միջոցներ, այլև էական հետընթաց է գործող օրենսդրությունից:
Գտնում ենք, որ շարունակելով քաղաքացիներին զրկել հանրային վերահսկողության հնարավորությունից և զգալիորեն սահմանափակելով դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները՝ ՀՀ կառավարությունն ընդամենը խորացնում է ընտրական գործընթացների օրինավորության նկատմամբ հանրության կասկածները և ամրապնդում ընտրակեղծարարության կազմակերպված ու համակարգված լինելու վերաբերյալ համոզմունքը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիա է, որը ներառում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավունքի Եվրոպա միավորումը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: