Մատաղիսի գործ. Փոստանջյանը 12 տարի անց էլ չի մոռանում Ջհանգիրյանի հեգնանքը
16:00, March 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄատաղիսի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որը կայացվել է մարտի 17-ին, նախադեպային է և կարող է ունենալ կանխարգելիչ բնույթ՝ ապօրինությունների, խոշտանգումների հարցում: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Պարոն Ջհանգիրյանը, երբ այն ժամանակ զինվորական դատախազն էր, իր մոտ մինչև եվրոպական դատարան դիմելը, իմ միջնորդության քննարկումն էր, ես էի և իմ գործընկեր Ստեփան Ոսկանյանը: Երբ ես հղում էի կատարում եվրոպական դատարանի նախադեպերին, նա բավականին հեգնանքով ասում էր՝ այդ երբ պետք է քո եվրոպական դատարանը անդրադառնա այս խնդրին, տաս տարի, քսան տարի հետո: Միգուցե 12 տարին շատ երկար է, միգուցե շատ մեծ ջանքեր մեզանից պահանջվեցին, կորուստներ ունեցանք: Բայց ես կարծում եմ, որ նման օրինակները մեզ պետք է ոգևորեն ու մենք չհրաժարվենք պայքարից, չհրաժարվենք մեր երազանքներից ու չկորցնենք հավատը», -հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք` 2003-ին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի երեք զինծառայողներ` Արայիկ Զալյանը (նա հիմա փաստաբան է-հեղ.), Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը մեղադրվում էին իրենց ծառայակիցներ Մովսես Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեջ։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2005 թվականի մայիսի 13-ին տղաներին 15 տարվա ազատազրկման դատապարտեց` իրենց ծառայակիցներին սպանելու մեղադրանքով:
Սակայն 2006 թվականի մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխել էր ցմահ ազատազրկման, սակայն 2006 թվականի դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննության և պահանջել ազատել մեղադրյալներին: Զարուհի Փոստանջյանը պաշտպանում էր երիտասարդներին ու հենց ինքն էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այնուհետև նրանց պաշտպանությունն իրականացրեց փաստաբան Հայկ Ալումյանը:
Եվ միայն 4.5 տարի անց` 2012-ի դեկտեմբերին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց երկու զինծառայողների սպանության մեջ մեղադրվող երեք երիտասարդներին՝ անմեղ ճանաչելով Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին: Իսկ զինծառայողների սպանության գործն ուղարկվել էր առանձին քննության:
ՄԻԵԴ-ը մարտի 17-ին կայացրել էր որոշում, որի համաձայն Հայաստանի կառավարությունը դիմումատուներին պետք է ընդհանուր առմամբ շուրջ 50 000 եվրո դրամական փոխհատուցում վճարի, 20 հազար եվրո Արայիկ Զալյանին, 15 հազարական եվրո՝ Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին:
«Սա ոչ միայն երեք անմեղ զինվորի հաղթանակ է, այլ հասարակության հաղթանակը», -հավելեց տիկին Փոստանջյանը: