Ալումյանը Մատաղիսի գործով ՄԻԵԴ դատավճիռը համարում է լիարժեք հաղթանակ
16:01, March 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՓաստաբան Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը համարում է լիարժեք հաղթանակ:
«Դա անգամ մեր ամենալավ սպասելիքներից լավ վճիռ է: Իմ գնահատմամբ, արդարությունն այս պարագայում վերականգնվեց լիարժեք»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման գնահատական տվեց փաստաբանը:
Ալումյանի խոսքով, Եվրոպական դատարանը հաստատված չի համարել խոշտանգումների փաստը, քանի որ ժամանակին հայաստանյան դատարանները դրանք քննության առարկա չեն դարձրել, անգործություն են ցուցաբերել:
«Եթե ինչ-որ մեկը՝ հատկապես կալանքի տակ պահվող մարդը ենթարկվում է խոշտանգումների, ինքը հնարավորություն չունի հավաքել ապացույցներ դրանց մասին: Այս պարագայում ապացույցներ հավաքելու և արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը դրվում է պետության վրա, ինչը այս պարագայում չի արվել»,-մանրամասնեց Ալումյանը:
Նա հիշեցրեց, որ խոշտանգումը հանցագործության այնպիսի տեսակ է, որը պահանջում է հրատապ քննության իրականացում, հակառակ դեպքում բացահայտելը հնարավոր չի լինի:
«ՄԻԵԴ-ի կողմից սահմանված շատ բարձր փոխհատուցումները պետք է մեզ հուշեն այն տրամաբանության մասին, որ քննությունը ձախողվել է պետության կողմից ու հենց այդ պատճառով հնարավոր չի եղել խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ ձեռք բերել»,-կարծիք հայտնեց Ալումյանը:
Հիշեցնենք, ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանի կառավարությունը դիմումատուներին պետք է ընդհանուր առմամբ շուրջ 50 000 եվրո դրամական փոխհատուցում վճարի, 20 հազար եվրո Արայիկ Զալյանին, 15 հազարական եվրո՝ Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին:
Ալումյանը նշեց, որ Մատաղիսի աննախադեպ գործի՝ Վճռաբեկ դատարանի կայացրած աննախադեպ իրավական ակտը Զարուհի Փոստանջյանի համառության ու պրոֆեսիոնալիզմի արդյունք էր, Եվրոպական դատարան էլ գանգատն ինքն է ներկայացրել:
«Այդ ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ կարելի է հասնել ցմահ դատապարտման վերաբերյալ վճռի բեկանմանը»,-ասաց Ալումյանը:
Փաստաբանը նկատեց, որ նման վճռի հրապարակումից հետո խնդիրը տեղափոխվում է այլ դաշտ. «Այս պարագայում պետությունը պետք է խնդիրներ ունենա կամ չունենա այն պաշտոնյաների հետ, ում պատճառով 50 հազար եվրո տուժել է ու բավականին վնասել է իր վարկանիշը եվրոպական կառույցներում: Ես ենթադրում եմ, որ այս պարագայում խնդիրը տեղափոխվեց պետություն և իր պաշտոնյաների դաշտ»:
Հիշեցնենք` 2003-ին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի երեք զինծառայողներ` Արայիկ Զալյանը (նա հիմա փաստաբան է-հեղ.), Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը մեղադրվում էին իրենց ծառայակիցներ Մովսես Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեջ։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2005 թվականի մայիսի 13-ին տղաներին 15 տարվա ազատազրկման դատապարտեց` իրենց ծառայակիցներին սպանելու մեղադրանքով:
Սակայն 2006 թվականի մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխել էր ցմահ ազատազրկման, սակայն 2006 թվականի դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննության և պահանջել ազատել մեղադրյալներին: Եվ միայն 4.5 տարի անց` 2012-ի դեկտեմբերին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց երկու զինծառայողների սպանության մեջ մեղադրվող երեք երիտասարդներին՝ անմեղ ճանաչելով Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին: Իսկ զինծառայողների սպանության գործն ուղարկվել էր առանձին քննության: