Հովհ. Մոսյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքը մերժեց
23:11, March 23, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. մարտի 23-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Համբարձումյանի, կայացավ Գոհար և Հովհաննես Մոսյանների կողմից ներկայացված բողոքի քննությունը, որով վերջիններս պահանջել են բեկանել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. փետրվարի 5-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Գ. Մոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և վերահսկող դատախազ Հ. Պետրոսյանը:
Բացարկի միջնորդությունների բացակայությունը ճշտելուց հետո դատարանն անցավ բողոքարկվող որոշման բովանդակության և վերաքննիչ բողոքի էության ներկայացմանը, որից հետո վերաքննիչ բողոքը հիմնավորելու համար խոսքը տրվեց Գ. Մոսյանի ներկայացուցչին: Վերջինս նշեց, որ դատարանը վարույթն իրականացրած Ս. Առաքելյանի կողմից կայացված որոշման օրինականությունը քննության առնելու արդյունքում չի կայացրել պատճառաբանված որոշում, մինչդեռ, բողոքաբերը վկայակոչեց ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներ, որոնք պարտադիր էին համարում դատարանի կողմից պատճառաբանված որոշման կայացումը: Այնուհետև, Գ. Մոսյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ նախաքննական մարմինը չի գործել գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության ապահովման պարտականության պահպանմամբ: Այդպիսով, Տ. Սիրադեղյանը խնդրեց բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը և կայացնել նոր դատական ակտ:
Բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց վերահսկող դատախազ Հ. Պետրոսյանը: Վերջինս օրինական համարեց վարույթն իրականացնող մարմնի որոշումը և նշեց, որ վերաքննիչ բողոքում բարձրացված որոշ հարցեր ենթակա չեն պարզման ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից, այլ ընդգրկում են Հ. Մոսյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակները:
Բողոքի քննության ընթացքում իր դիրքորոշումը ներկայացրեց դատական նիստին ուշացումով ներկայացած Գ. Մոսյանը:
Նոր ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտության բացակայությունը ճշտելուց հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Քիչ անց հրապարկված որոշմամբ դատարանը մերժեց ներկայացված բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. փետրվարի 5-ի որոշումը:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ապա՝ Գ. Մոսյանը և Հովհ. Մոսյանը, հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ զորակոչիկ Հովհ. Մոսյանի նկատմամբ ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ս. Վարանցովյանի կողմից անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու, նրան անօրինական կարգով ազատությունից զրկելու և պաշտպան ունենալու իրավունքի իրացմանը խոչընդոտելու մասին: Նյութերի նախապատրաստման արդյունքում, սակայն, Ս. Առաքելյանը կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով: