Ինչ էր ասել Սերժ Սարգսյանը 2006 թ. Իրավապաշտպանն ուշագրավ մանրամասներ է բերում
12:08, April 28, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինված ուժերՊաշտպանության ոլորտում պաշտոնանկությունների վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ
Պարոն Սաքունց, վերջին շրջանի քննադատությունների ֆոնին Սերժ Սարգսյանը բարձրաստիճան զինվորականների ազատեց աշխատանքից, այդ թվում՝ պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին: Սա ի՞նչ է նշանակում և արդյոք բավարար քայլ է՝ ոլորտի խնդիրների լուծման համար:
Եթե նայում ենք այդ երեք զինվորականների զբաղեցրած պաշտոնները և նրանց գործառույթները, առաջին հայացքից դա այն իրավիճակի արձագանքն էր, որը բացահայտվեց քառօրյա պատերազմական գործողությունների ընթացքում: Չնայած այս պահին դեռևս չունենք ամբողջական տվյալներ, բայց ես կավելացնեի նաև բժշկական ծառայության պատասխանատուի հարցը, որովհետև, ելնելով մեր փաստերից, որոնք ունեինք մինչ այդ, տարբեր քրեական գործերով ու ահազանգերով, լուրջ մտահոգություններ կային նաև բժշկական ծառայության հետ կապված:
Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել, որ դեռևս 2006 թվականին, երբ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նախագահ ընտրվեց և պաշտպանության նախարարն էր, հանդիպում եղավ Լոռու մարզում՝ ՀԿ-ների հետ, որի ժամանակ հարց էր հնչել զինված ուժերում կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ: Դրան ի պատասխան Սերժ Սարգսյանը ներկայացրեց, որ բանակում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, քան կոռուպցիոն դրսևորումները: Այդ հանդիպումից առնվազն 9 տարի է անցել, Սերժ Սարգսյանը և որպես պաշտպանության նախարար, և որպես Գերագույն գլխավոր հրամանատարի լիազորություներն ունեցող անձ, և որպես երկրի ղեկավար, պատշաճ և բավարար ժամանակ ուներ՝ կատարելու այդ պաշտոնանկությունները: Եվ այն քայլերը, որոնք նա հիմա փորձում է կատարել, դրանք կատարելու համար 9 տարի ժամանակ ուներ: Ես պետք է հիշեցնեմ, որ մասնավորապես 2010 թվականին մամուլում մի քանի հրապարակումներ եղան, հրապարակվեց գեներալ-մայոր Միքայել Գրիգորյանի հայտնի նամակը պաշտպանության նախարարին, որ բանակում գողանում են: Նաև որոշ տվյալներ եղան, որոնք վերաբերում էին սպառազինությանը, ձեռք բերման գների անհամամատ մեծ թվերին, միջազգային շուկայի գների համեմատ մինչև 5 անգամ ավելի գնով էին սպառազինությունները ձեռք բերում: Նաև Ներքին զորքերի նախկին հրամանատարի մասնակցությամբ սպառազինությունների վաճառքի մասին գրվեց, բայց այդ գործով ընդամենը մեկ հոգի պատասխանատվության ենթարկվեց: Բայց այնտեղ խոսք էր գնում ոչ միայն մեծ քանակի սպառազինության, այլ նաև 38 պաշտոնատար անձանց մասին: Այսինքն՝ Զինված ուժերում կոռուպցիոն դրսևումների, բյուջետային միջոցների ոչ արդյունավետ ծախսման վերաբերյալ ահազանգեր անընդհատ են եղել, այդ թվում՝ նաև կապի միջոցների հետ կապված:
Հիմա ես Սերժ Սարգսյանի՝ այս պաշտնանակությունների հրամանը համարում եմ որպես ստիպված արձագանք հանրային այն մեծ ընդվզումներին, որոնք լայնորեն ներկայացվեցին լրատվական միջոցներում և տարբեր հարթակներում: Ես դա համարում եմ ոչ լիարժեք քայլ: Դա նույն տրամաբանության մեջ է տեղավորվում, ինչպես ԴԱՀԿ պետի կողմից սեփական դիմումի համաձայն աշխատանքից հեռանալու քայլը: Բայց մնում է մյուս հարցը՝ ի՞նչ էիք անում 9 տարի, պարոն Սարգսյան: Իսկ այն, որ չէիք անում և հիմա նոր ստիպված եք արձագանքել, դրա համար դուք ի՞նչ պատասխանատվություն եք կրելու, ձեզ ո՞վ է հեռացնելու: Տրամաբանական է, որ ինքներդ պետք է հեռանաք, քանի որ նման ժամանակավոր զոհաբերումներով սեփական իշխանությունը պահպանելն ընդունելի չէ:
Այս պաշտոնանկությունները փաստում են, որ այն ուղղություններով, որոնցով դժգոհություն եղավ քառօրյա պատերազմից հետո, եղել են խոշոր թերացումներ: Հայտնի է, որ մենք ունեցանք մոտ 100 զոհ, այսինքն՝ եթե աշխատանքը պատշաճ կատարվեր, զոհերի թիվն ավելի քի՞չ կլիներ: Այս հարցով չպե՞տք է կրեն պատասխանատվություն:
Յուրաքանչյուր զինծառայողի զոհվելու հանգամանքների, այդ թվում՝ նաև այն գործոնների, որոնք հանգեցրել են մարդկանց մահվան, ուսումնասիրության հիման վրա մենք կարող ենք ամբողջական պատկեր ունենալ: Դրա պարագայում արդեն խոսք կգնա ոչ միայն պաշտոնանկությունների, այլև քրեական հետապնդումների իրականացման մասին: Պատասխանատվության ինստիտուտը պետք է գործի ոչ միայն պաշտոնից հեռացնելու, այլ նաև քրեական հետապնդման միջոցով: Բա որտե՞ղ են ծախսվել այն միջոցները, ո՞ւր են փողերը, որոնք պետք է ապահովեին երկրի պաշտպանունակությունը: Եվ հիմա այդ պաշտոնանկություններով փորձել այնպես անել, որ այսպես ասած և գայլերը կուշտ լինեն, և գառները ողջ մնան, դա տարբերակ չէ: Մենք մարդկային զոհեր ենք ունեցել, և այդ զոհերի պատասխանատվությունն առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանն է կրում: Այսինքն՝ այս պաշտոնանկությունը վերաբերում է հենց իրեն:
Այսինքն՝ ստացվում է, որ այս պաշտոնանկություններով չի լուծվում համակարգային խնդիրը, այլ պարզապես մի քանիսը քավության նոխազ են դառնում:
Այո, քավության նոխազներ, որոնք ժամանակավոր զոհաբերությունների համար են: Այն ժամանակ, երբ Արշայուս Փայտյանին հեռացրեցին Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, հայտնի գոմեշի մսի պատմության հետ կապված, բա Ալիկ Միրզաբեկյանը որտե՞ղ էր այդ գործով: Չէր կարող նա տեղյակ չլինել այդ հարցերից:
Նաև հարց է ծագում, թե ո՞ւր էր Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
Ժամանակին, երբ մենք քննադատում էինք Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին՝ իր գործառույթների ոչ պատշաճ իրականացման համար, խոսքը վերաբերում է զինվորական կարգապահությանը, զինվորական պատրաստվածությանը, մարտական հերթապահությանը, նեղանում էին այդ քննադատության համար: Ավելին, պարոն Խաչատուրովը մեզ որակում էր որպես ազգի դավաճան: Հիմա, պետության նկատմամբ հանցագործությունը, անգործությունը առավել քան դավաճանություն է: Սերժ Սարգսյանն անհապաղ պետք է պաշտոնից ազատի նաև Գլխավոր շտաբի պետին, քանի որ տեղեկություններ եղան, որ նրան զեկուցվել է հարձակման մասին, բայց քայլեր չեն ձեռնարկվել: Ակնհայտ է, որ բարեփոխումների անմիջական պատասխանատուն հանդիսանում է Սերժ Սարգսյանը, երկրորդը՝ ԳՇ պետը, հետո նոր Սեյրան Օհանյանը: Նո՞ր հիշեց Սերժ Սարգսյանը, որ այդ անձինք թերացել են, հենց մարդկային կյանքի հաշվին պետք է դա նկատեր, հա՞: Այդ 9 մսխված տարիները մեզ համար մարդկային կյանքեր արժեցան:
Պաշտոնանկություններին հետևող հաջորդ քայլը ո՞րը պետք է լինի:
Ակնկալում ենք, որ մահվան բոլոր դեպքերով պետք է լինի պատշաճ քննություն, այդ քննության արդյունքում պետք է բացահայտվեն կոնկրետ համակարգային գործոնները, որոնց հետևանքով այսպես է ստացվել: Նաև դա պետք է ներկայացվի հանրությանը: Այդ արդյունքների հիման վրա պետք է քրեական գործ հարուցվի: Եթե հակառակորդի գնդակի հետևանքով զոհված զինծառայողի մահվան հարցով պետք է քրեական գործ հարուցվի, ապա ԶՈւ հրամանատարնների ու պատասխանատուների նկատմամբ էլ պետք է քրեական գործ հարուցվի: Որքանով հակառակորդն է կրակի համար պատասխանատու, նույնքան էլ մեր պաշտպանության համակարգի ղեկավարությունն է պատասխանատու: Կանսերվի բանկաներով պաշտպանության իրականացումը, ռադիոկապի, բժշկական ծառայության ոչ պատշաճ աշխատանքը, դրա համար պատասխանատուները հաստատ Ադրբեջանի ղեկավարությունը չէ: Այն ֆոնին, երբ Ադրբեջանը տարեցտարի իր սպառազինություններն արդիականացնում էր, պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել դրա դեմ:
Այս պաշտոնանկությունները միանշանակ խնդիր չեն լուծում համակարգում: Իհարկե, քիչ ժամանակ ունեն ՀՀ իշխանությունները՝ փոփոխություն կատարելու համար, բայց միայն այդ պաշտոնանկությունների փաստով չի լուծվի խնդիրը, քանի դեռ չկա ամբողջական ու համակողմանի գնահատական, որի պարագայում անպայման պետք է քրեական գործեր հարուցվեն այդ մարդկանց նկատմամբ: Այդ քրեական գործերի շրջանակներում ցուցմունքներ պետք է տան և ԳՇ պետը, և պաշտպանության նախարարը, և հենց Սերժ Սարգսյանը: Եվ ընդհանարապես, հրատապ է այս հարցով Ազգային ժողովում արտահերթ լսումների կազմակերպումը: Հանրության առաջ պատասխանատվությունը պետք է գործի, և ոչ թե կաբինետային ներքին ինչ-որ պայմանավորվածությունները: Հակառակ դեպքում որևէ վստահություն, թե կա իրական փոփոխություն կատարելու ցանկություն, չի կարող լինել: