ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նոր հանգամանքներ կներկայացնի անհայտ կորած զինվորի մոր գործով
10:12, April 29, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. ապրիլի 27-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ավետիսյանի, սկսվեց «Սվետլանա Սարգսյանը՝ ընդդեմ ՀՀ Զինվորական կոմիսարիատի և ՀՀ Պաշտպանության նախարարության» գործի քննությունը:
Հիշեցնենք, որ ներկայացված հայցով Ս. Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ զինվորական կոմիսար Հ. Մուրադյանի՝ 2015 թ. մայիսի 11-ի միջամտող վարչական ակտը, պարտավորեցնել վերջինիս վճարել իրեն չվճարված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի գումարները, ինչպես նաև պարտավորեցնել իր նկատմամբ 2015 թ. հունվարի 1-ից նշանակել պարգևավճար: Սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր գործով ներգրավված երկրորդ պատասխանող ՀՀ Պաշտպանության նախարարությանը և երրորդ անձ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը ծանուցումներ ուղարկելու համար:
2016 թ. ապրիլի 27-ի նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր Սվետլանա Սարգսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, որը իր լիազորությունների ծավալը հաստատելու համար դատարան ներկայացրեց Ս. Սարգսյանի կողմից տրված լիազորագիր: Դատական նիստին մասնակցում էր նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մանիկ Սանթրոսյանը:
Դատարանը հնարավոր համարեց նախնական դատական նիստը շարունակել պատշաճ ծանուցված գործով մյուս պատասխանող ՀՀ Զինկոմիսարիատի ու երրորդ անձ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ներկայացուցիչների բացակայությամբ:
Հայցվորի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը ներկայացրեց հայցադիմումի հիմքերն ու առարկան: Նա նշեց, որ դատարանից պահանջել են անվավեր ճանաչել ՀՀ զինվորական կոմիսար Հ. Մուրադյանի՝ 2015 թվականի մայիսի 11-ի միջամտող վարչական ակտը, պարտավորեցնել վերջինիս վճարել 2014թ. օգոստոսից մինչ 2015թ. հունվարի 1-ը հայցվորին չվճարված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի գումարները, ինչպես նաև պարտավորեցնել Ս. Սարգսյանի նկատմամբ 2015 թվականի հունվարի 1-ից նշանակել պարգևավճար: Հայցվորի ներկայացուցիչը հակիրճ ներկայացրեց հայցադիմումի փաստական և իրավական հիմնավորումները՝ նշելով, որ Ս. Սարգսյանի որդին 1992 թ. որպես կամավոր մեկնել է Լեռնային Ղարաբաղ և չի վերադարձել: Հայցվորը 2001թ. նոյեմբերի 1-ից ստացել է կերակրողին կորցնելու կենսաթոշակ իր որդու՝ Արցախյան պատերազմում անհայտ կորչելու հիմքով, սակայն կենսաթոշակի գումարի վճարումը դադարեցվել է 2014թ. օգոստոս ամսից՝ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության կողմից տրված տեղեկանքի կեղծ լինելու հիմքով, հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է և հաստատվել է հայցվորի որդու՝ անհայտ կորած լինելու հանգամանքը: Հայցվորը դիմել է կերակրողին կորցնելու կենսաթոշակի տրամադրման իրավունքը վերականգնելու և նախկինում չվճարված գումարները տրամադրելու պահանջով, սակայն ստացել է մերժում, հայցվորի կողմից ներկայացված վարչական բողոքը չի քննարկվել: Տ. Սիրադեղյանը նշեց նաև այն իրավական ակտերը, որոնք կիրառելի են սույն գործի շրջանակներում:
Պատասխանող ՀՀ Պաշտպանության նախարարությունը դիրքորոշում չէր ներկայացրել դատարան, ներկայացուցիչ Մ. Սանթրոսյանը նշեց, որ նախարարությունը փորձում է նաև արտադատական կարգով քննել գործի ընթացքը և հայցի դեմ առարկելու կամ այն ընդունելու մասին վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ համարեց որոշ հարցեր ուղղել հայցվորի ներկայացուցչին: Նա ցանկացավ ճշտել, թե երկրորդ և երրորդ հայցապահանջներն ինչպիսի հայցատեսակով են ներկայացվել:
Ի պատասխան` հայցվորի ներկայացուցիչն ասաց, որ դատարան ներկայացված առաջին հայցատեսակը վիճարկման հայց է, իսկ երկորդ և երրորդ հայցատեսակների մասով հայտնեց, որ այդ առումով հայցվոր կողմը ցանկություն ուներ hարց ուղղել պատասխանողի ներկայացուցչին՝ պարզելու համար, թե կենսաթոշակի չվճարված գումարները վճարելու դեպքում ընդունվում է առանձին վարչական ակտ, թե՝ ոչ: Ի պատասխան՝ պատասխանողի ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքով, և բացի դրանից՝ ինքն իրավասու չէ հայցվորի փոխարեն որոշել, թե ինչ հայցատեսակով պետք է հայց ներկայացվի դատարան: Նախագահող դատավոր Կ. Ավետիսյանը փորձեց պարզել, թե կենսաթոշակի վճարումը դադարեցնելու հիմքերի վերացման դեպքում կենսաթոշակի վճարումը կատարվում է վարչական ակտի ընդունման հիմքով, թե՝ ուղղակի գործողության կատարմամբ: Պրակտիկորեն նման խնդիր չունենալու պայմաններում պատասխանողի ներկայացուցիչը նշեց, որ չի կարող հստակ պատասխանել, թե ինչ ընթացակարգով է վերականգնվում դադարեցված կենսաթոշակի վճարումը: Դատավորի հարցերին ի պատասխան տրված պատասխաններից պարզ դարձավ, որ կենսաթոշակի դադարեցման վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու և դրա արդյունքում վարչական ակտ ընդունելու վերաբերյալ ներկայացուցիչը տեղեկություններ չուներ, քանի որ այդպիսի փաստաթուղթ չկար գործում:
Նախագահող դատավոր Կ. Ավետիսյանը պահանջեց պատասխանողի ներկայացուցչից դատարան ներկայացնել այն վարչական ակտը, որով դադարեցվել է կենսաթոշակի վճարումը, հիմնավորել, որ այդ ակտն ընդունող մարմինն ունեցել է նման իրավազորություն, ինչպես նաև, որ հայցվորն ստացել է այդ ակտը, հայտնել, թե արդյոք գոյություն ունի հայցվորի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու վերաբերյալ ակտ, արդյոք այդ ակտը հանձնվել է հասցեատիրոջը և իրավազորություններ է ունեցել այդ մարմինը, ինչպես նաև՝ ինչ է տեղի ունենում, երբ կենսաթոշակի վճարումը դադարեցնելուց հետո անձը դիմում է ներկայացնում կենսաթոշակի վճարումը վերակագնելու դեպքում՝ գործողություն է կատարվում, թե վարչական ակտ է ընդունվում:
Հայցվորի ներկայացուցիչը հայտնեց, որ ինչպես կենսաթոշակի վճարում, այնպես էլ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին որևէ վարչական ակտ չի ստացել և կեսաթոշակի վճարումը դադարեցնելու մասին տեղեկացել է բանավոր կարգով: Միաժամանակ Տ. Սիրադեղյանը խնդրեց հնարավորություն տալ որոշ հարցեր ուղղել պատասխանողի ներկայացուցչին: Մասնավորապես՝ նա նշեց, որ ըստ 2014 թ. դեկտեմբերի 1-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «2015 թ. հունվարի 1-ից, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին մինչև 2011թ հունվարի 1-ը նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն նշանակվում և վճարվում է պարգևավճար»:
Նա խնդրեց հայտնել, թե ինչ ընթացակարգով է կատարվել մեկ այլ հիմքով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից սոցիալական վճար ստացող անձանց տվյալների փոխանցումը: Մ. Սանթրոսյանը նշեց, որ մինչև 2015 թ. հունվարի 1-ը կերակրողին կորցնելու կենսաթոշակ ստացող անձանց անձնական գործերը փոխանցվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանում:
Տ. Սիրադեղյանը նշեց, որ վկայակոչված օրենքը հստակ սահմանում է, որ մինչև 2011 թ. հունվարի 1-ը նշանակված կեսանթոշակի փոխարեն վճարվում է պարգևավճար, դատարանին տրամադրեց օրենքի օրինակը՝ խնդրելով ընթերցել նաև օրենքի այն դրույթը, համաձայն որի՝ այդ պարգևավաճար նշանակելու դեպքում կերակրողին կորցնելու կենսաթոշակ ստանալու իրավունքը չի վերանայվում:
Այս առնչությամբ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ եթե դադարեցվել է կենսաթոշակի տրամադրումը, որևէ կապ չունի, որ այն նշանակված է եղել: Նա չկարողացավ կոնկրետ նշել նաև, թե որ մարմնի կողմից է կատարվել տվյալների փոխանցումը: Դատարանը պահանջեց նաև այդ գործընթացի վերաբերյալ հանգամանքները ճշտել և ներկայացնել դատարան:
Այդպիսով՝ նախնական դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ևս մեկ նախնական դատական նիստ, որը կկայանա 2016 թ. մայիսի 25-ին՝ ժամը 14:30-ին:
Տես նաև՝ epress.am