«Ո՞ւր են ուղարկվել գումարները, ինչի՞ վրա են ծախսվել այդ միջոցները». Արթուր Սաքունցը` «Մարտիկ» հիմնադրամի գործունեության մասին
00:58, May 8, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինված ուժեր«Մարտիկ» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
-Պարոն Սաքունց, քառօրյա պատերազմից հետո, երբ թեժացան խոսակցությունները բանակին հատկացվող ֆինանսավորման մասին և ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն Արցախին օգնելու կոչով հանդես եկավ, հանրությունը հարցեր բարձրացրեց, թե բանակի ու զինծառայողների համար բացված «Մարտիկ» հիմնադրամի գումարները որտեղ են: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանը պարզաբանեց, որ 2002 թվականին բացված հիմնադրամի ֆոնդին այս պահին կա 1 մլն դոլար: Ինչո՞ւ այդ գումարները չեն ծառայում իրենց նպատակին:
-Նախ պետք է արձանագրենք, որ հիմնադրամում առկա գումարի մասին հիմնադրամի հիմնադիրներից մեկը՝ Արթուր Աղաբեկյանը տեղեկատվություն ներկայացրեց միայն այն բանից հետո, երբ հերթական անգամ հիշեցվեց այդ հիմնադրամի մասին և նշվեց, որ այդ հիմնադրամի կողմից հավաքված գումարների մասին որևէ տեղեկատվություն հնարավոր չի եղել ստանալ:
Ի դեպ, նշեմ, որ այդ տեղեկատվությունը հնարավոր չի եղել ստանալ ոչ միայն Արդարադատության նախարարությունից, որին պետք է հիմնադրամը ներկայացներ իր եկամուտների և ծախսերի մասին համապատասխան փաստաթղթի պատճենը, այլ նաև հնարավոր չի եղել ստանալ որևէ լրատվամիջոցի միջոցով: Այսինքն, Արթուր Աղաբեկյանն այս թեժ օրերին որոշեց տեղեկատվություն ներկայացնել հանրությանը միայն այն բանից հետո, երբ այդ մասին հարց բարձրացվեց: Արթուր Աղաբեկյանը նշում է հիմնադրամում առկա 1 մլն դոլարի մասին, բայց դա միայն հայտարարություն է, այնտեղ 1 մլն դոլար է, թե 2 մլն, մենք չենք կարող դրա մասին իմանալ, որովհետև եթե մինչև հիմա չեն հայտարարում, իսկ այսօր հայտարարում են առնվազն 1 մլն դոլարի մասին՝ չներկայացնելով եկամուտների ու ծախսերի որևէ պաշտոնական փաստաթուղթ, նման տեղեկությունը վստահություն չի ներշնչում:
Ավելին, եթե այսօր հիմնադրամում կա 1 մլն դոլար, ապա նախորդ տարիների գումարներն ինչքա՞ն են եղել և ինչի՞ վրա են ծախսվել: Հատկապես այդ հարցը ծագում է այն համատեքստում, երբ մենք հիշում ենք, որ բազմաթիվ զինծառայողներ առողջության հետ կապված խնդիրներ ուներին, և պետական բյուջեից համապատասխան հատկացումներ չէին արվում:
Այդ գումարները կարող էին հատկացվել հիմնադրամի կողմից, իսկ մինչ այժմ մենք որևէ փաստ չունենք, որ առնվազն զինծառայողների առողջական խնդիրների լուծման համար որևէ լումա հատկացվել է:
Լավ, եթե հատկացվել է, ապա ո՞ւմ է հատկացվել: Այսինքն՝ խոսքը վերաբերում է հիմնադրամի գործունեության հաշվետվությանը:
Արթուր Աղաբեկյանն այդպես էլ չպատասխանեց հետևյալ հարցին՝ հիմնադրամը ստեղծվել է պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և Արթուր Աղաբեկյանի անմիջական նախաձեռնությամբ: Իսկ Արթուր Աղաբեկյանն այն ժամանակ պաշտպանության փոխնախարարն էր:
Ինչպե՞ս էին հավաքվում հիմանդրամի գումարները, ի՞նչ միջոցներից, աղբյուրները որո՞նք էին: Ժամանակին մենք ունեինք տեղեկություն, որ այդ գումարները հավաքվում էին կամավոր պարտադիր սկզբունքով: Բնականաբար, եթե հիմնադրամի հիմնադիրը պաշտպանության նախարարն է, ապա ինչպե՞ս կարող էին սպաները չվճարել հիմնադրամին: Այսինքն, այստեղ ակնհայտ դեր է խաղացել պաշտոնեական դիրքի չարաշահումը: Ավելին, նաև մեծանում են կոռուպցիան ռիսկերը, ոչ միայն հիմնադրամի միջոցների ծախսման, այլ նաև հավաքման հետ կապված:
Նաև հարց է ծագում՝ հիմնադրամի գործունեության ամբողջ ժամանակահատվածում հիմադրամից ծախսված միջոցները որևէ նշանակություն ունեցե՞լ են: Մենք դիմել էինք դատարան, որպեսզի տեղեկատվություն ստանայինք, Արդարադատության նախարարությունից էլ էինք ակնկալում տեղեկության տրամադրում, որովհետև նախարարությունը հիմնադրամներից տեղեկություններ էր ստանում իրենց հաշվետվության մասին:
Բայց այդպես էլ որևէ պահանջ չներկայացվեց «Մարտիկ» հիմնադրամին՝ եկամուտների և ծախսերի ներկայացման հետ կապված: Մենք դիմեցինք դատարան, դատարաններն էլ մերժեցին: Այսինքն, ոչ միայն Արդարադատության նախարարությունը մեզ մերժեց, այլ նաև դատական իշխանությունը, մենք դիմել ենք մինչև Վճռաբեկ դատարան: Այնպես որ այս պահին, երբ ստիպված են, ելնելով իրավիճակից, մի թիվ հրապարակել, մենք դա չենք կարող բավարար համարել:
Մենք պահանջում ենք ամբողջական հաշվետվություն հիմնադրամի ամբողջ գործունեության ընթացքում եկամուտների, դրանց հավաքագրման միջոցների ու մեխանիզմների և դրանց նպատակային ծախսման վերաբերյալ: Ես առնվազն կարող եմ ենթադրել, որ առնվազն 10 մլն դոլար իր գործունեության ընթացքում հիմնադրամը հավաքել է: Կարող եմ դա ենթադրել, բայց մենք իրավունք ունենք իմանալ, թե ուր են ուղարկվել այդ գումարները, ինչի վրա են ծախսվել այդ միջոցները: Այ սրա մասին պետք է Արթուր Աղաբեկյանը հաշվետվություն ներկայացնի, որպեսզի բարոյական իրավունք ունենա մարդկանց հորդորելու բանակի համար միջոցներ հավաքագրել:
-Այսինքն, այսօր, երբ գումար է հավաքվում բանակի համար, պետք է այդ հիմնադրամի գումարները ծախսվե՞ն: Արթուր Աղաբեկյանը նաև հայտարարել է, որ հիմնադրամի մայր գումարները ծախսելու համար անհրաժեշտ է նախագահի, վեհափառի ու պաշտպանության նախարարի որոշումը:
-Կներեք, ես հարց տամ՝ իսկ արդյոք այդ գումարները կան: Ըստ էության դա զինծառայողներից պարտադիր հավաքագրված գումարներ են, բայց ես համոզված չեմ, որ այդ գումարները կան: Առնվազն հարյուրից ավելի վիրավորների առողջական խնդիրների լուծման համար պետք է անմիջապես հատկացվեն այդ գումարները: Իսկ դրա փոխարեն պետական բյուջեից են այդ գումարը հատկացնում: Բայց չէ՞ որ ժամանակին զինծառայողները այդ հիմնադրամին վճարել են հենց այդ նպատակների համար:
-Հիմնադրամի գումարներով չե՞ն կարող նաև զենք գնել բանակի համար:
-Կանոնադրությամբ այդ կետը չկա, այդ գումարները զինծառայողների կրթական, առողջապահական, սոցիալական խնդիրների լուծման համար են:
-Այսինքն՝ ակնհայտ կոռուպցիոն ռիսկե՞ր կան հիմանդրամի գործունեությունում:
-Ակնհայտ է դա: Քանի դեռ չկա հաշվետվություն ու տեղեկատվություն ֆինանսական միջոցների հավաքագրման աղբյուրների, մեխանիզմների, քանակի ու նպատակային ծախսման մասին, կոռուպցիոն ռիսկերի մասին հիմնավոր կասկածը մնում է օրակարգում: Նրանք չենք կարող փարատել այդ կասկածը, քանի դեռ հստակ տեղեկատվություն չեն տրամադրել հանրությանը: Ավելին, չեն կարող փարատել նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին մտահոգությունները նոր հավաքագրվող գումարների հետ կապված:
Երբ ժամանակին իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ մենք բարձրացնում էինք զինված ուժերում մարդու իրավունքների, առողջապահական խնդիրների մասին, քաղաքական ու հասարակական շրջանակներից որոշ անձինք մեզ մեղադրում էին բանակը վարկաբեկելու, գրանտակերության, գունավոր հեղափոխության փորձ կատարելու, պետական շահերին դեմ հանդես գալու մեջ:
Իսկ հիմա այդ գնահատական տվողները պետք է իրենց ուշադրությունն ուղղեն նմանօրինակ կոռուպցիոն ռիսկեր պարունակող հիմնադրամների ու դրանցում խառնված պաշտոնատար անձանց գործողությունների վրա և քաջություն ունենան գնահատական տալ, թե ով է պաշտպանության ոլորտի միջոցները յուրացնում: Հակառակ դեպքում, մենք պետք է ենթադրենք, որ այդ նույն քննադատողները այդ կոռուպցիոն մեխանիզմներից օգտվողներն ու դրա հետ կապ ունեցողներն էին: