Որտե՞ղ է ավարտվում «անիրականը» և սկսվում իրական սպառնալիքը
11:20, May 28, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. մայիսի 25-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Աբգարյանի կողմից որոշում կայացվեց քաղաքացի Ս. Բ.-ին մեկ ամսով կալանավորելու մասին:
Վերջինիս դեմ քրեակական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը)` ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա, համաձայն որի ՝ Ս. Բ.-ը սպառնալիքներ է հնչեցրել այլ քաղաքացիների հասցեին:
Ս. Բ.-ի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Արայիկ Զալյանը: Վերջինս պատրաստվում է Դատարանի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վերոնշյալ որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարան:
Հետաքրքրական է, որ համանման իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է պետական պաշտոնյաների կամ պատգամավորների կողմից սպառնալիքներ հնչեցնելուն, անգամ քրեական գործ չի հարուցվում այն պատճառաբանությամբ, որ վերջիններիս խոսքերը «իրական սպառնալիք» չեն պարունակում, ինչպես 2013 թ. ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի կողմից ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցրած սպառնալիքների դեպքում, որով նա համոզմունք էր հայտնել Զարուհի Փոստանջյանին «խարույկի վրա այրելու» անհրաժեշտության մասին:
Նույնը եղավ նաև 2015 թ. ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեպքում, որն սպառնացել էր բռնաբարել և գլխատել բոլոր նրանց, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և վերջինիս ընտանիքի հասցեին վարկաբեկիչ նյութեր են տարածում զանգվածային լրատվության միջոցներով:
Երկու դեպքում էլ վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ նշելով, որ վերջիններիս խոսքերը սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու իրական սպառնալիք չեն հանդիսացել, դրանք իրականացնելու իրական վտանգ չի եղել:
Հետաքրիր է իմանալ՝ որտեղ է ավարտվում այդ «անիրականը» և սկսվում իրական սպառնալիքը. արդյո՞ք այդ սահմանագիծը կուսակցական պատկանելությամբ կամ զբաղեցրած պաշտոնով է որոշվում: