Ոստիկանի վրա քար նետելու մեջ մեղադրվող Գագիկ Միքայելյանը կշարունակի մնալ կալանքի տակ
16:24, October 1, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա ԾռերԻնչպես ավելի վաղ հայտնել էինք, ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ցույցերի ընթացքում ձերբակալվածների մի մասին մեղադրանք է առաջադրվել` զանգվածային անկարգություններ կատարելու համար: Օրերս մեղադրյալներից Գագիկ Միքայելյանի փաստաբան Անի Չատինյանը դիմել էր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան` ներկայացնելով Գագիկ Միքայելյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն: Անի Չատինյանն Aravot.am-ին հայտնեց, որ երեկ դատարանը մերժել է միջնորդությունը:
«Անհեթեթ է նման մոտեցումը, քանի որ գրավն այլընտրանքային միջոց է` երաշխիք, եւ փախուստի կամ ոչ պատշաճ վարքագծի դեպքում այդ գումարը կարող է պետության սեփականությունը դառնալ: Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով` այն պետք է կիրառվի, մինչդեռ մեր դատարաններն անտեսում են օրենքի պահանջը»,-ասաց Անի Չատինյանը:
Նրա խոսքով` քանի որ Գագիկ Միքայելյանի գործը հանձնվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, քննության մեկնարկի գործընթացը կերկարաձգվի մոտ երկու շաբաթով: