Մարդկանց ստիպողաբար «բերման էին ենթարկում» ընտրատեղամաս. Արթուր Սաքունց
18:31, October 3, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքԵրեկ հանրապետության տարբեր համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտորդները մոտ 190 խախտում են արձանագրել: Այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշեց, որ արձանագրված խախտումները ներառում էին ընտրախախտումների բոլոր հայտնի դրսևորումները:
«Համատարած են եղել կաշառքի վերաբերյալ բողոքները, մահացած անձանց անունից քվեարկությունները, դիտորդների իրավունքների խախտումները և այլն։ Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ անձը եկել է քվեարկելու և չի ճանաչել իր անվան դիմաց դրված ստորագրությունը։ Այս խախտումների վերաբերյալ ահազանգերի մեծ մասին իրավապահներն ընթացք չեն տվել»,- ասաց նա:
Դիտորդի խոսքով՝ այս ընտրությունները հերթական անգամ փաստեցին, որ ԿԸՀ-ն չունի անկախություն, և նրա միակ դիրքորոշումն այն է, որ քվեարկության ընթացքում կեղծիքների վերաբերյալ բոլոր հաղորդումներն էական նշանակություն չունեն: Ըստ նրա՝ ԿԸՀ-ն առնվազն 5-6 օր ուներ, որպեսզի արդյունավետ վարչարարություն անցկացներ և նոր նման եզրահանգում կատարեր:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ ընտրություններում հանձնաժողովի նախագահները համառություն և կամք չեն դրսևորում կամ բավարար չափով չեն տիրապետում ընտրական օրենսգրքին, ակնհայտ հոգեբանական խնդիրներ ունեն և ենթարկվում են դրսի հրահանգին:
«Այս ընտրություններում թաղային հեղինակությունները կուսակցական փաթեթով որոշակի ազդեցություն ունեցան ընտրությունների ելքի վրա: Այս պատճառով էլ ես այս ընտրությունները ազատ չեմ համարում։ Ընտրողն ազատ չի կարողացել իր տեսակետն ու մոտեցումը ներկայացնել: Մարդկանց ստիպողաբար «բերման էին ենթարկում» ընտրատեղամաս և ստիպում քվեարկել իրենց նախընտրած անձանց օգտին: Եվ որքան էլ քվեախցիկում ընտրողը միայնակ լինի, միևնույն է, ընտրողը կաշկանդված է անգամ ընտրախցիկում»,- ասաց նա: