Մուկուչյանի կամայական մոտեցումը կամ օրենսդրական ճգնաժամը, որը հետևանք է քաղաքական ճգնաժամի
18:34, October 4, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքԳյումրիում անցկացված ավագանու անդամների ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Բալասանյան» դաշինքը ստացել է քաղաքի մանդատների ավելի քան 40%-ը, և ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի` ՀՀ ԸՕ-ի 141 հոդվածի 5-րդ կետի համաձայն, այսպես կոչված, բոնուսի հաշվին դաշինքին 17 մանդատ է տրվում՝ բացարձակ մեծամասնություն: Չնայած տարբեր կարծիքներին ու պնդումներին, թե նման վերաբաշխումն օրենքի տարրին չի համապատասխանում, Մուկուչյանի կարծիքով, «Բալասանյան» դաշինքին 17 մանդատները տրվել են բացառապես օրենքին համապատասխան: ՀՀԿ-ականներն էլ են շարունակում պնդել, որ նույն կետի համաձայն, քանի որ 15 մանդատը բոլոր 33 մանդատների թվից 40 և ավելի տոկոս է, ուրեմն՝ «Բալասանյան» դաշինքը պիտի ստանա մանդատների մեծամասնությունը՝ առնվազն 17 մանդատ:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ Տիգրան Մուկուչյանի այն դիտարկումը, թե օրենքի համապատասխան է նման բաշխումը, իրականությունը չի համապատասխանում:
«Դա կամայական մեկնաբանություն է, որովհետև իր նշած հանգամանքները, նախ առաջինը՝ բացարձակ մեծամասնություն հասկացողությունը, հստակ չունի իր սահմանումը: Այսինքն՝ բացարձակ մեծամասնություն ասվածը կամակայան է կիրառում: Դրա հետևանքով էլ մնացած մանդատների վերաբաշխման ամբողջ գործընթավը որևիցե իրավական կարգավորում չունի, ավելին՝ կամայական կարգավորման դեպքում խախտվում է թե՛ կուսակցությունների թեկնածուների, և թե՛ ընտրողների ընտրական իրավունքը: Եթե անձը որևէ կուսակցության ցուցակում 4-րդն է և այդ կուսակցությունը 4 մանդատ է ստանում, ստացվում է՝ 141 հոդվածի հինգերորդ կետի կիրառման արդյունքում զրկվում է իր մանդատից: Կներեք, ինչո՞ւ պետք է զրկվի: Թեկնածուի իրավունքը, փաստորեն, կամայականորեն է սահմանափակվում, ոչ թե օրնեսդրությամբ: Չի կարող մարդը զրկվել մանդատից, որը ստացել է»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ խայտառակ իրավիճակ է ստեղծվել: Ավելի մանրամասնելով օրենքի կետերն՝ Արթուր Սաքունցը նշեց, որ ամբողջ պրոբլեմն առաջ է գալիս 141 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համադրումից: «4-րդ կետը հստակ սահմանում է, թե ինչպես պետք է մանդատները տեղաբաշխվեն կուսակցությունների միջև: Բայց այստեղ մի քանի խնդիր կա: Ենթադրենք՝ 4-րդ կետով տեղաբաշխվեց և որևիցե մեկը չստացավ բացարձակ մեծամասնություն: Առաջինը՝ նախ ինչպես նշեցի, օրենքի մեջ նշված չէ՝ բացարձակ մեծամասնությունը դա 50 տոկոսն է, 50+1-ը, 60-ը, թե՝ 100-ը: Այդ առումով, երբ նաև նշում են ոչ բացարձակ մեծամասնություն, դա ևս հասկանալի չէ: 40 տոկոսից ավել, բայց ինչքա՞նը: Եթե այս հասկացությունը ևս հստակ չէ, այս դեպքում երբ մանդատների վերաբաշխումը կոնկրետ «Բալասանյան» դաշինքից 15-ից դարձնում է 17, հարց է՝ ինչո՞ւ չես կարող դարձնել 18, 43 և այլն: Այս խնդրի լուծումը 5-րդ կետով չի սահմանվում»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, եթե, անգամ, ենթադրենք, որ բացարձակ մեծամասնությունը 50+1 տոկոսն է, ապա տվյալ դեպքում մնացած 16 մանդատների բաշխման սկզբունքը վերստին 5-րդ կետով չի սահմանվում:
«Ենթադրենք 4-րդ կետով մանդատները բաշխված են մնացած կուսակցությունների միջև: Չէ՞ որ արդեն իր մանդատների հաշվարկը արված է: Հիմա, 5-րդ կետով, եթե երկու մանդատ է ավելացնում «Բալասանյան» դաշինքին, ո՞ր մի կուսակցությունից պետք է հանվի և ինչո՞ւ: 5-րդ կետով, եթե, այսպես կոչված, տակի մնացած մանդատները փորձում եք վերաբաշխել, ապա այդ վերաբաշխման ժամանակ կուսակցությունները անխուսափելիորեն կորցնում են մանդատներն, ինչը հակասություն է առաջացնում: Ընտրողն իր քվեով որոշել է, որ օրինակ՝ «Գյումրվա ոգի» կուսակցությանը պետք է հինգ մանդատ տա, բայց հինգերորդ կետի համաձայն, այսպես կոչված, մեխանիկական վերաբաշխման արդյունքում, ընդհանուր մանդատների թիվը նվազում է և այդ ընդհանուր մանդատների նվազեցման հետևանքով ինչ-որ կուսակցություններ ավելի քիչ մանդատ են ստանալու, քան 4-րդ կետով հաշվարիկի դեպքում»,- նշեց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ իրավական այս խոչընդոտն ու սահմանափակումը քաղաքական բավականին լուրջ հետևանքներ է ստեղծում:
«Եվ սա, ամենայն հավանականությամբ, արված է այն տրամաբանությամբ, որ ՀՀԿ-ն մշտապես ունենալու է բացարձակ մեծամասնություն: Ինքը չի նախատեսել, որ որևէ այլ պարագայում կլինի այնպիսի մի վիճակ, որ ՀՀԿ-ն չի ունենա բացարձակ մեծամասնություն և 5-րդ կետը չի աշխատելու: Ահա ընտրողն իր քվերակությամբ ստեղծել է մի իրավիճակ, որտեղ պետք է 5-րդ կետը աշխատի, բայց այդ կետը նոր առաջացած այդ խնդրին լուծում չի տալիս: Բավական լուրջ բացթողում է, իրավական այս խոչընդոտը բավական լուրջ քաղաքական հետևանքներ է ստանում: Սա ցույց է տալիս, որ իրենք ի սկզբանե մտածել են, որ պետք է լինի քաղաքական կայուն մեծամասնություն՝ մեկ կուսակցության հենքի վրա և հիմա փոխանակ գնան դաշինքների՝ 4-րդ կետի հիման վրա, նույնիսկ դրան չեն գնում»,- ասաց Արթուր Սաքունցը՝ միաժամանակ նկատելով, որ օրենքի 5-րդ կետի առկայությունը խոչընդոտում է նաև դաշինքի ձևավորմանը:
«Օրենքի կետն ասում է, որ եթե չկա, այսպես կոչված, բացարձակ մեծամասնություն, որը, նորից եմ շեշտում, հայտնի չէ, թե քանի տոկոս է իրենից ներկայացնում, ապա այդ հանգամանքը խոչընդոտում է նաև դաշինքի ձևավորման գործընթացին: Սա լուրջ օրենսդրական ճգնաժամ է, որը հետևանք է քաղաքական ճգնաժամի: Եվ դա հետևանք է այդ օրենսգիրքը կազմողների այն մտածողության, որը լիովին տեղավորվում է ՀՀԿ-ի՝ որպես մշտապես բացարձակ մեծամասնություն ունեցող կուսակցության տրամաբանության մեջ»,- եզրափակեց իրավապաշտպանը: