Նախկին դատախազի ընտանիքն ու ռուս գործարարները փողերի լվացման գործարքում են ներգրավված. «Վելես» ՀԿ նախագահ
12:50, October 11, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց, որ ռուս գործարարներ և հայ պաշտոնատար անձինք համատեղ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների մեջ են ներգրավված, և կա վտանգ, որ Հայաստանը կդառնա փողերի լվացման օջախ:
Նա նշեց, որ հարյուրավոր թղթեր կան, որոնք ապացուցում են, որ իր նշած գործում ներգրավված է նախկին դատախազ Սուրեն Օսիպովի ընտանիքը:
«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը պատմեց, որ 2014 թվականին իրենց ընկերությանը դիմել է ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովը՝ ասելով, որ տարիներ շարունակ՝ 2005 թվականից ի վեր ինքը և իր գործընկերները գործունեություն են ծավալել Հայաստանի Հանրապետությունում՝ բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով, որի արդյունքում նախկին դատախազ Օսիպովի որդին՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանը տիրացել է իրենց 5 միլիոն դրամ ներդրումներին:
«Մենք փորձեցինք օգնել ռուս գործարարներին՝ ի սկզբանե մտածելով, որ ռուս ներդրողները դարձել են խարդախության ու խաբեության զոհ։ 2015 թվականի սեպտեմբերի 15-ին մեր հաղորդման և նաև իրենց դիմումի հիման վրա՝ հարուցվեց քրեական գործ՝ խարդախության փաստի առթիվ: Գործը մինչ օրս քննվում է: Գործին առնչվող փաստաթղթերը մեր կազմակերպությունն իր հետաքննության միջոցով բացահայտել է: Քննչական մարմիններն առ այսօր որևէ բան չեն արել: Պարզվեց, որ 2005 թվականի հուլիսի 22-ին Ալեքսեյ Կորեպանովը և նախկին դատախազ Օսիպովի կինը՝ Լլուբով Փիլոյանը Հայաստանում հիմնում են «Անսուր Ինվեսթ» կազմակերպությունը, որը պետք է զբաղվեր շինարարական աշխատանքներով: 2006 թվականից մինչև 2007 թվականը սկսվում է հողակտորների գնում, և այստեղ էլ սկսվում են շատ հետաքրքիր գործարքներ»,- պատմեց Մարինա Պողոսյանը: Նա նշեց, որ 5 ամսվա մեջ Հայաստանի Հանրապետություն մուտք է գործում մոտավորապես 1 միլիոն 620 000 դոլար, որից 1 միլիոն 345 000-ը փոխանմամբ, մնացածը՝ կանխիկ կտրոններով:
«Եթե ռուս գործարարները նպատակ ունեին հողակտոր առնել, որի վրա պետք է անեին շինարարություն, ապա կար գրանցված «Անսուր ինվեսթ» կազմակերպությունը, և քանի որ օտարերկրյա ներդրողներին չի կարելի ձեռք բերել հողակտորներ, քանի որ դա հակասում է մեր սահմանադրությանը և Հողային օրենսգրքին, վերջիններս կարող էին գործարքներ կնքել իրենց կազմակերպության միջոցով, սակայն մեզ մոտ կասկած առաջացավ, քանի որ գործարքները կատարվել են միջնորդավորված: Մոտավորապես 4 գործարք կատարվել է օֆշորային անհայտ կազմակերպությունների հետ»,- ասաց նա:
Ներկայացնելով մանրամասներ՝ Մարինա Պողոսյանը նշեց, որ 895 000 դոլար գումար փոխանցվում է օֆշորային կազմակերպություններից, դրանցից 270 000-ը փոխանցվում է հենց Լյուբով Փիլոյանի անվամբ, մնացած 625 000 դոլարը փոխանցվում է «Ռաֆայել» ՍՊԸ-ի անվամբ և փաստաթղթերի մեջ իբրև նպատակ նշվում է, որ Հայաստանից գնվեն համակարգիչներ և մոնիտորներ:
«Դմիտրի Կոտովը, որը եղել էր իբրև այդ գումարների փոխանցողը, մինչև այսօր էլ կրկնում է, որ փողերը փոխանցել է միայն հողերի գնման նպատակով,-պատմեց Մարինա Պողոսյանը՝ նշելով, որ 625 000 դոլարը 3 օրում փոխանցվում է ՎՏԲ ռուս-ադրբեջանական բանկին, որը միանգամից կանխիկացվում է դատախազության նախկին աշխատակից Արթուր Մանուկյանի կողմից և նորից փոխանցվում է Օսիպովի կնոջը՝ կանխիկ վիճակով, -վերջինս սկսում է գնել հողակտորներ, որոնցից առաջին հողակտորը գնում է 225 000 դոլարով, չնայած ստանում է 270 000 դոլար և այդ հողակտորը ներկայացնում է որպես իր ներդրում: Հետագա 3 փոխանցումներով առնված 625 000 դոլարով նա գնում է հողակտոր 577 000 դոլարով ոմն Դավիթ Իսպիրյանից: Այստեղ 48 000 դոլարն է անհայտ ճակատագիր ունենում»:
Ըստ Մարինե Պողոսյանի՝ ամիսներ անց՝ Լյուբով Փիլոյանը նորից հողատարածքը հետ է վաճառում այն մարդուն, ումից գնել էր՝ արդեն 671 000 դոլարով:
«Այս 5-10 ամսվա մեջ հողակտորները թանկացել են, փաստացի այս 3 գործարքների հիման վրա՝ Լյուբով Փիլոյանի մոտ հայտնվում է 180 000 դոլար»,- ասաց Մարինա Պողոսյանը՝ եղած գործարքներն համարելով օֆշորային՝ փողերի լվացման:
Բազմաթիվ առուծախերից հետո, ի վերջո, բոլոր հողատարածքները հայտնվում են նախկին դատախազի որդու՝ Վիկտոր Հովսեփյանի ձեռքում, ով, ըստ փաստաթղթերի, ոչ մի ներդրում չէր կատարել:
«Ինձ համար զարմանալի է, որ Հայաստանի նման փոքր երկրում, երբ այսքան գումարներ են մուտք գործել, ոչ ոքի այդ փաստը չի զարմացրել: Ինչպե՞ս ԱԱԾ-ն չի հետաքրքրվել դրանով, երբ գումարները փոխանցվել են ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկին: Բացի դրանից՝ մենք ունենք Կենտրոնական բանկ, որն ունի ֆինանսական դիտարկումների կենտրոն, որոնք ուսումնասիրում են, թե որտեղից են գալիս գումարները, ինչ ձևով և ովքեր են հասցեատերերը»,– ասաց «Վելեսի» ղեկավարը՝ նշելով, որ, իր կարծիքով, այս ամենը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկսեր, որովհետև չի կարծում, որ բոլորի տեսողությունը հենց մի տարվա մեջ վատացել էր:
Արթուր Սաքունցը ներկայացրեց, որ գործի մանրամասներին տեղյակ է, գիտի, որ փողերը պատկանում էին մի ռուս բանկիրի, որը հետախուզման մեջ էր և ուներ կանխիկ գումար, ցանկացել էր շրջանառության մեջ է դնել, աշխատել: Նա գտել է այդ ռուս գործարարներին, որոնց միջոցով գործարքներ է կատարել, երկրորդ կողմն էլ՝ Օսիպովի ընտանիքը, օգնել է նրանց:
«Որոշակի պայմանավորվածություններ են եղել, որոնք չեն կատարվել, և հիմա ռուս գործարարները, դիմելով Մարինե Պողոսյանին, ցանկացել են օգտագործել նրան, սակայն նա խնդրի մեջ խորացել է և բացահայտել, որ պետական մարմիններով ներգրավված գործարքներ են կնքվել»,- ասաց նա: