Զինվորական հրամանատարության գործողություններում դատարանը հանցակազմ չի տեսնում. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը մերժվեց
18:19, October 19, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2016 թ. հոկտեմբերի 19-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ս. Բաղդասարյանի, շարունակվեց զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի առնչությամբ հրամանատարության անօրինական որոշման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ա. Կոբալյանի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից բերված բողոքի քննությունը:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Դատարանին և հայցվոր կողմին քննչական նյութերին բողոքի վերաբերյալ նյութերին ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով:
Դատական նիստի սկզբում Դատարանը փորձեց հարցերի միջոցով պարզել հայցվոր կողմի կարծիքը քրեական գործ հարուցելու հիմքերի վերաբերյալ, ինչին ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը նախ նշեց, որ պաշտոնատար անձինք կատարել են գործողություններ, որոնց համար օրենքով լիազորված չեն եղել՝ կայացնելով որոշում, որը որևէ իրավական ակտով սահմանված չէ, և նման նախադեպ նախկինում չի եղել, ապա հավելեց, որ զորամասի հրամանատարության գործողություններին իրավական գնահատական պետք է տան իրավապահ մարմինները:
Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Ա. Մազմանյանը և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Վ. Վիրաբյանը կարծիք հայտնեցին այն մասին, որ զինվորական հրամանատարության գործողությունների առնչությամբ քրեական գործ հարուցելու հիմքերը ՀՀ Քրեական օրենսգրքի իմաստով բացակայում են, քանզի վերոնշյալ գործողություններում բացակայում է հասարակական վտանգավորությունը՝ հավելելով, որ հրամանատարության կողմից անգործությունն այս դեպքում ևս բացառված է. վերջինս ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները՝ Ռ. Պետրոսյանի ծառայությունը կազմակերպելու համար:
Բողոքի քննությունը համարելով ավարտված՝ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Քիչ անց հրապարակված որոշմամբ Դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը:
Դատարանի որոշումը կբողոքարկվի սահմանված կարգով: