Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվողները կմնան կալանքի տակ
18:39, November 4, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա ԾռերԵրևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ հուլիսի 20-ին Խորենացու փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանի, Գագիկ Միքայելյանի եւ Սոսո Մարգարյանի առաջին դատական նիստը:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոսո Մարգարյանը ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրել՝ նրանց վրա քարեր նետելով եւ ոտքերով հարվածելով:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» կողմից հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդեցին ի պաշտպանություն նրանց՝ բողոքի ակցիաներ, որոնցից մեկի ժամանակ էլ՝ հուլիսի 20-ի, ըստ իրավապահների տուժել է 46 ոստիկան:
Պաշտպանական կողմն այսօր դատական նիստի ընթացքում միջնորդություններ ներկայացրեց ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ նրանց գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Դատարանը, սակայն, մերժեց ներկայացված միջնորդությունները: Պաշտպանները միաձայն պնդում են՝ դատարանը քաղաքական որոշումներ է կայացնում:
Գագիկ Միքայելյանի պաշտպան Անի Չատինյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ի սկզբանե պարզ է դառնում, որ «արդար դատաքննություն չի իրականացվելու»:
«Ակնհայտ էր, որ նման որոշում է կայացվելու, որովհետև նախորդ գործով անցնող ամբաստանյալի վերաբերյալ եւս միջնորդությունը մերժվեց: Առաջին դատական նիստից սկսած՝ երևում է՝ արդար դատաքննության իրավունքի խախտմանն են գնում: Մեր պաշտպանյալները ծանր հանցագործություններ չեն կատարել, չնայած օրենքն ու նախադեպային որոշումները նույնիսկ առանձնապես ծանր հանցանքների դեպքում են թույլատրելի համարում գրավը»,- նշեց Անի Չատինյանը, հավելելով, որ արդեն վերացել են կալանքի՝ որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը:
Ըստ նրա՝ դատարանն ուներ բոլոր նախադրյալները երեք ամբաստանյալներին գրավի դիմաց ազատ արձակելու, սակայն քաղաքական որոշմամբ պայմանավորված՝ դա չարեց:
Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նույնպես համոզմունք հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական որոշում կայացվեց՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության մերժմամբ:
Նշենք, որ պաշտպանները պատրաստվում են որոշումները բողոքարկել Վճռաբեկ դատարանում:
Տես նաև՝ araratnews.am