Հանրային ռեսուրսն արդեն յուրացրել են, հիմա համաներում է պատրաստվում
20:08, November 6, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններLragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, կառավարությունը ապօրինի հարստացման դեմ պայքարի կոնկրետ քայլերի մասին է հայտարարում, առաջիկայում սպասվում է, որ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենք կընդունվի: Ի՞նչ գործընթաց է սա և ի՞նչ պետք է ակնկալել:
Եթե դիտարկենք զուտ օրենքի տրամաբանության տեսակետից, որ եթե մարդու փաստացի ունեցած եկամուտների և օրինական եկամուտների միջև կա հակասություն, ապա դա պետք է դիտարկել որպես ապօրինի հաստացում, դա ողջամիտ մոտեցում է: Ավելին, կարելի էր մտածել, որ հայաստանյան իրավիճակում դա բավական մեծ ազդեցություն պետք է ունենա: Բայց մյուս կողմից էլ հարց է առաջանում` իսկ եթե անձը իր հայտարարագրում ներկայացնի այնպիսի թվեր կամ գույք, որը լիովին համապատասխանում է իր օրինական եկամուտներին, ի՞նչ պետք է լինի: Ի դեպ, շատ պաշտոնյաներ այսօր հենց այդպես էլ անում են: Այսինքն՝ ո՞վ է դա քննելու, ո՞վ է հետևելու, թե արդյոք պաշտոնատար անձը հաշվետու տարվա ընթացքում ձեռք է բերել գույք, թե ոչ: Ինքնին գործող օրենսդրությունն արդեն իսկ թույլ տալիս է հիմնավոր կասկածների պարագայում գույքի ձեռքբերման օրինականության, իրավաչափության հետ կապված քննություն իրականացնել, ինչը մենք չենք տեսնում: Կամ հաշվի առնելով հայաստանյան պրակտիկան, արդյոք ռիսկ չկա՞, որ օրենքը ընտրողաբար կկիրառվի այս կամ այն պաշտոնատար անձի նկատմամբ: Այսինքն՝ այստեղ մտահոգվելու հիմնական խնդիրն ընտրողական արդարադատության գոյությունն է:
Մյուս կողմից, այստեղ հիմնական խնդիրը նաև շահերի բախումն է, Հայաստանում չկա շահերի բախման մասին օրենսդրություն, ինչի մասին մենք տարիներ շարունակ բարձրաձայնում ենք: Այդ օրենքը պետք է, որպեսզի նաև դրանով տրվեն իրավական գնահատական այն գործարքներին կամ այն գործողություններին, որոնցում կա ակնհայտ շահերի բախում: Նույն նախարարները, դատավորները կամ դատախազները կարող են իրենց անունով չունենալ որևէ բիզնես կամ գույք, բայց ձեռք բերի բերի կինը, որդին, զոքանչը կամ ծնողները: Այսինքն՝ մինչև չլուծվի շահերի բախման հարցը, օրենսդրությունը դրան չտա կարգավորումներ, դժվար է արդյունք ակնկալել: Շատ կարևոր է կանխել այն դեպքերը, որոնք կարող են հանգեցնել ապօրինի հարստացմանը: Իսկ այդ ուղղությամբ օրենսդրությունն առաջին հերթին հենց վերաբերում է շահերի բախմանը: Եթե դա չընդունվի, ապա ապօրինի հարստացման վերաբերյալ օրենսդրության արդյունավետությունը ես խիստ կասկածի տակ եմ դնում՝ հաշվի առնելով նաև մեր պրակտիկան:
Բայց այստեղ կա նաև այլ հարց: Խնդիրն այն է, որ մինչ հիմա, նախքան այս վարչապետի պաշտոնավարումը, ԶԼՄ-ներով տարբեր տեղեկություններ են եղել, բազմաթիվ նյութեր ու հետաքննություններ, որոնք վերաբերել են պաշտոնատար անձանց կողմից վարվող բիզնեսներին, այդ դեպքերը առյուծի բաժին են կազմում: Դրանց հարցը ի՞նչ պետք է լինի: Արդեն օրեր առաջ տեղեկություն եղավ, որ Հայաստանի ազգային ժողովում 17 դոլարային միլիոնատերեր կան: Ի՞նչ է նշանակում այդ փաստի անտեսումը:
Արդեն եղել է հայտարարություն, որ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը հետադարձ ուժ չի ունենալու: Դրանով կարծես այդ հարցերը կանխվում են:
Ընդհանրապես օրենքների հետադարձ ուժի խնդիրը բավական լուրջ հարց է, որովհետև քրեական արդարադատության ոլորտում օրենքները, որոնք ունեն խստացնող ուժ, դրանք հետադարձ ուժ չպետք է ունենան: Եվ այդ առումով մենք ունենք հարց՝ արդյոք այս ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքը հենց այդ գաղափարի տեսակետից խնդիրներ չի՞ ունենում հետադարձ ուժի հետ կապված: Առաջին հայացքից թվում է, որ իրապես հետադարձ ուժ չպետք է ունենա, որովհետև ինքը ենթադրում է պատասխանատվության ավելի մեծ աստիճան: Բայց մյուս կողմից, այդ օրենքի հիմքում ընկած միտքը հետևյալն է՝ հանրային ռեսուրսները չդառնան որպես եկամտի աղբյուր առանձին խմբերի կամ անձանց համար, որոք կարող են դրանք յուրացնել իրենց պաշտոնեական լիազորությունների օգտագործմամբ: Սա բավական լուրջ հարց է, և մենք մինչև անգամ կուլակաթափություն ասվածի հետ առնչություն ունենք: Այսինքն՝ չպետք է դիտարկել, որ այդ օրենքը հետադարձ ուժ չունի և դրանով բավարարվել: Եթե ապօրինի ճանապարհով է ձեռք բերված գույքը, այսինքն՝ խոսքը չի գնում հարստացման մասին, այլ ինքնին գործողության մասին, այդ քրեորեն պատժելի գործողությունների ուղղությամբ, որոնք կիրառվել են հանրային ռեսուրսների, պետական բյուջեի միջոցների յուրացման համար, պետք է քննություն կատարվի:
Այսինքն՝ ուզում եմ ասել, որ մի կողմից, երբ չկա շահերի բախման օրենսդրությունը, մյուս կողմից էլ երբ չկա հրահանգ՝ ուսումնասիրության առարկա դարձնել այն գործողությունները, որոշումները, որոնց արդյունքում հանրային ռեսուրսներ են յուրացվել, ակնհայտ անհիմն արտոնություններ են տրվել այս կամ այն բիզնեսին կամ դրա հետևում կանգնած պաշտոնատար անձին, արդյունք չի լինի: Եթե այդ բիզնեսի հետևում կանգնած լինելու հանգամանքը չպետք է դառնա քննության առարկա, այդ պարագայում ապօրինի հարստացման մասին օրենսդրությունն ընդամենը պոպուլիստական, էժանագին դիվիդենտներ շահելու միտում ունի: Խնդիրների մի ամբողջ շարք կա, որոնց պատասխանների բացակայության պարագայում ապօրինի հարստացման մասին օրենսդրությունն ընդամենը մնալու է հերթական բարի ցանկությունների կամ պոպուլիստական նշանակություն ունեցող փաստաթուղթ, որը ոչ մի արդյունք չի տալու:
Մյուս կողմից էլ, եթե դու հարկային օրենսդրությունը չես փոփոխում այնպես, որ շատ ունեցվածքից ավելի շատ հարկեր տրվեն, որպեսզի հարկային կարգավորումների միջոցով կարգուկանոն մտցվի դաշտում, որպեսզի մրցակցության հնարավորությունները բացվեն, դա խնդիր է: Նկատի ունեմ, որ այստեղ հարկային օրենսդրության ու վարչարարության հետ կապված լուրջ հարց կա: Գիտենք, որ մարդիկ պալատներ ունեն, նույն նախկին գլխավոր դատախազը, նախկին վարչապետը և այլոք, այդ հարցը ո՞նց է լուծվելու, նրանք մնում են անձեռնմխելի՞:
Այսինքն՝ հարստացած պաշտոնյաների համաներում է հայտարարվո՞ւմ:
Այո: Հանրային ռեսուրսներն արդեն դե ֆակտո և դե յուրե կենտրոնացած են որոշ խմբի անձանց մոտ, և սրանով ասում են՝ ձեզ ոչ մի բան այլևս չի սպառնում, ուղղակի դադարեցրեք լրացուցիչ եկամուտներ ձեռք բերելու մեխանիզմները: Բայց կներեք, այդ ամենը պահելու համար էլ են պետք եկամուտներ: Դու 10 ավտոմեքենայի խնամքի համար պետք է նաև համապատասխան եկամուտ ունենաս: Տնտեսության ու հարկային քաղաքականության մեջ այս հարցերի վրա պետք է ուշադրություն դարձնել: Հետո նաև պետք է ստեղծել մարմին, որը լուրջ հետաքննություն կիրականացնի քաղաքացիների, ԶԼՄ-ների հաղորդումների հիման վրա: Հատորներ կարելի է կազմել անցած 25 տարիների ապօրինությունների վերաբերյալ: Այդ ամենը քննության առարկա չի դարձել երբևէ: Եվ եթե կառավարությունն իրապես հակված է ժողովրդի, պետության շահերի համար քաղաքականություն իրականացնելու, ապա պետք է համապատասխան մեխանիզմներ ստեղծի՝ այդ ահազանգերին ընթացք ու լուծումներ տալու համար: Երբ այս ամենը չենք տեսնում, ապա դա լինում է շատ մակերեսային, հատվածային քայլ, որը բացարձակապես որևէ արդյունք չի տալու: