«Սերժ Սարգսյանը ժամանակավոր նաև սեփական եղբոր ախորժակն է սահմանափակում՝ իմիտացիա ստեղծելով, թե…»
09:52, November 7, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍերժ Սարգսյանն օրերս հրավիրած խորհրդակցության ժամանակ հանձնարարականներ տվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մասնավորապես «Սեքյուրիթի դրիմ», «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների միջոցով 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել՝ սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետական և համայնքային կառույցներին փոխանցելու համար: Սրան հաջորդեց Կարեն Կարապետյանի հանձնարարությունը համապատասխան նախարարություններին:
«Այն, ինչ մեկնարկել ու վերջին օրերին արվում է Ս. Սարգսյանի ու նոր կառավարության կողմից՝ խորհրդակցություններ, քննարկումներ, հանձնարարականներ և այլն, ամբողջովին տեղավորվում է նախընտրական քարոզչության տրամաբանության շրջանակներում»,- կարծիք է հայտնում իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Ինչի մասին այժմ խոսվում է՝ արագաչափեր, կարմիր գծեր, ապօրինի հարստացումներ և այլ հարցեր ևս, որոնք նոր են հայտնվել Ս. Սարգսյանի ու Կ. Կարապետյանի ուշադրության առանցքում, մի քանի տարվա հնության խնդիրներ են, որոնց մասին հանրությունը բազմիցս բարձրաձայնել է, հետևաբար, ըստ իրավապաշտպանի, շատ պարզ է ամեն բան:
«Նախորդ կառավարության կամ իշխանության մեջ գտնվելու ընթացքում, նույն Ս. Սարգսյանը, չէին կարող հասկանալ, որ այն, ինչի մասին խոսում են, դրանք չէ՞ր կարելի ասել այն ժամանակ, երբ որ այդ խնդիրները նոր ծագում էին, և այն ժամանակ հանձնարարականներ տրվեր, ընդհանրապես այդ խնդիրները չառաջանային և կանխվեին ի սկզբանե, բայց քանի որ հիմա են ասվում, ապա դա պայմանավորված է միայն 2017 թվականի ապրիլին ԱԺ ընտրությունների նախապատրաստմամբ ու մեկ նպատակ ունեն, իհարկե, խաբել, հերթական անգամ անհիմն մտացածին խոստումներով, անարդյունավետ խոստումներով ու գործողություններով խաբեն հանրությանը, կեղծ տպավորություն ստեղծեն, որ իբր իրապես իրենք ցանկություն ունեն ինչ-որ փոփոխություններ կատարելու, իսկ ինչու եմ համարում խաբեություն, քանի որ շուտվանից գիտեին այդ խնդիրների մասին ու կարող էին կատարել այդ գործողությունները, բայց քանի որ չեն կատարել, դրանով է հիմնավորվում, որ իրապես դա խաբեություն է»,- նշեց Արթուր Սաքունցը:
Քիչ չեն նաև կարծիքները, որ այս փոփոխություններին իշխանությունները ձեռնամուխ եղան՝ դրդված Սասնա ծռերի գործողություններից: Իրավապաշտպանը նշում է, թե կգումարեր նաև դա: Արդյո՞ք դա պայմանավորված է նաև ապրիլյան պատերազմից հետո բացահայտված պետական հանցագործությունների մի ամբողջ շարքով. «Մինչ այժմ սնուցում էին հանրությանը «հանուն անվտանգության» դիմանալու զրկանքները, բայց փաստորեն անվտանգությունն էլ են վտանգել, և այն միջոցները, որոնք ուղղվել են պաշտպանության ապահովմանը, մսխվել են: Ես կարծում եմ, որ եթե չլինեին ապրիլյան ընտրություններն, այս ամենը չէր արվի, քանի որ մենք տեսանք, որ նույնիսկ այդ ապրիլյան պատերազմական գործողություններից հետո թվում էր, թե բավականին լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն և քայլեր պետք է ձեռնարկվեն կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, բայց չարվեցին, բայց ընդամենը մի քանի հոգու աշխատանքից ազատեցին, իսկ մի քանի հոգի, որոնց նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, կալանավորվեցին, այնուհետ այդ քրեական գործերից էլ որևէ տեղեկություն չունենք, թե ինչ ընթացքում են գտնվում, այնպես որ, ես պետք է ասեմ, որ իշխանությունը՝ հանձինս Ս. Սարգսյանի, բացարձակապես ադեկվատ չէ իրավիճակին, որն իրապես գոյություն ունի Հայաստանում՝ տնտեսական աղետալի իրավիճակ, սոցիալական անապահովության խիստ բարձր մակարդակ, արտագաղթ, կոռուպցիա և այլն, այսինքն իրենց նույնիսկ այդ քայլերը համարժեք չեն այն խնդիրներին, որոնք գոյություն ունեն, քանի որ շատ պարզ բանաձև կա՝ սկսիր ինքդ քեզանից»,- գտնում է իրավապաշտպանը:
Եվ բացի այդ, Արթուր Սաքունցի կարծիքով, քանի դեռ բացահայտված չէ մարտի 1-ի հանցագործությունը, քանի դեռ Ս. Սարգսյանն անձամբ քաջություն չունի ընդունելու սեփական պատասխանատվությունը մարտի 1-ի հանցագործության կատարման մեջ, ապա այս ամենն ուղղակի պետք է համարել խաբեություն: «2008 թվականի մարտի մեկի հանցագործությունները, որ կատարվեց իշխանության կողմից, հարյուրավոր մարդիկ բանտարկվեցին, 10 հոգու սպանությունը մինչև հիմա բացահայտված չէ, հազարավորները զրկվեցին աշխատանքից ու թողեցին երկիրը հեռացան: Այս հանցագործությունները մնացին անպատիժ, և որում առաջին պատասխանատվությունը կրում է ինքը՝ Ս. Սարգսյանը, և ես վերստին պետք է արձագանքեմ, որ մի հավատացեք ընդհանրապես ցանկացած այդ ելույթներին, խոսքերին ու հանձնարարականներին: Ս. Սարգսյանը պարզապես սովորական ստախոս է, խաբեբա, ու ինքն իհարկե մի բան է հիմա կատարում, որ հանուն իր իշխանության ապահովման, իր կոռումպացված համակարգի կրողների կոռուպցիոն ախորժակը բավարարելու ռեսուրսներ չունի, քանի որ բյուջետային միջոցներ այլևս պատշաճ չկա, ու դա խոստովանեց նաև Կ. Կարապետյանը, երբ հայտարարեց, որ տնտեսական վիճակը շատ վատ է, ու ինքը հիմա կատարում է հաջորդ քայլը՝ Ծառուկյան Գագոյին է արենա մտցնում, որպեսզի օգտագործի դեռևս հանրության մոլորության շնորհիվ այդ վստահության ռեսուրսը Ծառուկյանի նկատմամբ, որի հիման վրա ձևավորի իր հետագա իշխանության վերարտադրությունն ու լեգիտիմությունը: Եվ ոչ միայն Ծառուկյանի, էլի կլինեն մարդիկ, որոնք չեն օգտագործվել, բայց հիմա կփորձի օգտագործել իր իշխանության համար՝ տալով նրանց պաշտոնների խոստումներ»,- ասաց Ա. Սաքունցը:
Ներկայումս առաջացել է ռեսուրսների սահմանափակվածության խնդիր, ու ըստ իրավապաշտպանի՝ Ս. Սարգսյանն իր հենարանի փոփոխման միջոցով, նոր թարմ ուժեր ներգրավելով, իր իշխանության շարունակականության խնդիրն է փորձում լուծել: Ու հանուն դրա փորձում է ցույց տալ հանրությանը, որ անգամ սեփական եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին է զրկում արագաչափերի բիզնեսից. «Բայց ստատուս քվոն պահում են, այսինքն այդ կոռումպացված մեխանիզմը մնում է անձեռնմխելի, կոռուպցիոն մեխանիզմներով ձեռք բերված հարստությունները մնում են անձեռնմխելի, այնպես չէ, որ Սաշիկ Սարգսյանից վերցրեց մտցրեց պետական բյուջե, ուրեմն Սաշիկ Սարգսյանն այդ բյուջեից չի օգտվում, չէ, ուղղակի ժամանակավորապես է սահմանափակում եղբոր ախորժակը ու միաժամանակ իմիտացիա ստեղծում, թե տեսեք, որ եթե ես իմ եղբորն եմ կպչում, մնացածն էլ իմանան, որ իրենք անձեռնմխելիություն չեն ունենալու: Խաղի կանոններին ենթարկվեն, բայց իրապես քրեական ճանապարհով, քրեածին ծագում ունեցող հարստություններին ձեռք չի տալիս, ու նոր խաղացողների է խաղի մեջ մտցնում, որոնց միջոցով ապահովի իր վերարտադրությունը»,- եզրափակեց Արթուր Սաքունցը: