ՔԿ–ի կողմից Արկադի Փելեշյանի դեմ քրեական գործի կարճումը գործարք է, որի վրա ազդել է քաղաքական գործոնը». Արթուր Սաքունց
17:23, November 9, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՎանաձորի ավագանի, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանի հանդեպ ՀՀ քննչական կոմիտեի կայացրած որոշումը, որով կարճվել է Փելեշյանի հանդեպ քրեական գործը, գործարք է և դրա վրա իր ազդեցությունն է ունեցել քաղաքական գործոնը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Այս քրեական գործի նման ելքը ես գնահատում եմ որպես գործարք»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Ի սկզբանե Քննչական կոմիտեի կողմից քրեական հոդվածը հարուցվել է ոչ ճիշտ հոդվածով. դա պետք է լիներ ոչ թե Քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ ծեծ, այլ 119 հոդվածով՝ ուժեղ ֆիզիկական ցավ և հոգեբանական տառապանք, որն իրականացվել էր խմբի կողմից, որովհետև դա չի եղել մեկուսի գործողություն երկու անձանց միջև, այլ խմբով են գնացել և տեսանյութերում երևում են այդ խմբի մյուս անդամները: Ի դեպ՝ հենց նույն գիշերը արդեն իսկ նույնականացվել էին, թե ովքեր էին և հետախուզում էր հայտարարվել:
Մինչդեռ, հարցը տեղափոխվեց մասնավոր գանգատի շրջանակում, որի պարագայում արդեն կանխորոշվեց քրեական գործի ելքը»:
Արթուր Սաքունցը պնդում է, որ քննչական մարմինը ոչ գրագետ գործողություն է կատարել և ոչ համարժեք իրավական գնահատական է տվել, ուստի դատախազությունը պետք է զբաղվի այս հարցով:
«Քննչական մարմինը պետք է քրեական գործը հարուցեր Քրեական օրենսգրքի 119 հոդվածով՝ հաշվի առնելով, որ նաև խմբի կողմից է եղել սա: Ես գտնում եմ, որ այդ գործում նաև քաղաքական գործոնը կա, որովհետև սա վերաբերում է նաև ընտրություններին: Քաղաքական գործոններն ուղղակիորեն ազդել են քննչական կոմիտեի կայացրած որոշման վրա և ամբողջ պատասխանատվությունը կրում է քննչական կոմիտեն: Կարծում եմ՝ դատախազությունն էստեղ անելիք ունի, քանի որ ինքն է վերահսկող մարմինը: Հիմա գնդակը գտնվում է դատախազության դաշտում: Այս հանցագործությունը ոչ թե մասնավոր գանգատի շրջանակում է, այլ հանրային նշանակություն և ազդեցություն ունեցող է»,– ասաց իրավապաշտպանը:
Նշենք, որ ավելի վաղ, երբ հարուցվեց քրեական գործը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook կայքի իր էջում գրել էր. «Ուղղակի հարց այդ քննիչ, դատախազ կոչեցյալներին. մտնեն ձեր տուն, խմբով, առնվազն 15 հոգով, կնոջդ, անչափահաս թոռնուհուդ, հավատակից մարդկանց ներկայությամբ տանեն առանձին սենյակ 12-15 րոպե ենթարկեն ծեծի։ Փորձես փախչել, ազատվել այդ բռնությունից, չթողնեն, հետ մղեն, ավելին՝ օգնության եկողներին էլ չթողնեն օգնության գալ, թոռնուհուդ նկատմամբ էլ սպառնալիք տեղան, թողնեն գնան ու 118 հոդվա՞ծ՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։Եվ ոչ թե 119 հոդվա՞ծ, որով նման խմբակային գործողությունների համար նախատեսվում է 3-7 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն Փելեշյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Առաջադրված մեղադրանքում Փելեշյանն իրեն մեղավոր չէր ճանաչել»:
Վանաձորի Ավետարանական եկեղեցու հովիվ Ռաֆայել Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Փելեշյանը եկել, իրենից ներողություն է խնդրել, բացի դա, Փելեշյանի մայրը մի քանի անգամ գնացել է իր եղբոր տուն ու խնդրել, որ հոգևոր հովիվը ների իր տղային: «Ում էլ իրենց խմբից որ ներել եմ, միայն մի բան եմ պահանջել, որ երբեք ոչ մեկի հետ այդպիսի բան կրկնեն, ինչ արեցին իմ ու իմ ընտանիքի հետ, սա է եղել իմ պահանջն ու մեծական հորդորը»,-ասաց հոգևոր հովիվը:
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ քննիչը որոշում է կայացրել կարճել քրեական գործով վարույթը կարճել և Արկադի Փելեշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ տուժողի և մեղադրյալի հաշտության հիմքով։