ՀՀ ՊՆ-ն պետք է քննություն կատարի քառօրյայի ընթացքում զոհվածների մահվան հանգամանքները պարզելու համար. Սաքունց
15:53, November 16, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է իրականացնի ծառայողական քննություն ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում եւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացած, զոհված զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ նշելով, որ այնուհետեւ այդ ուսումնասիրությունների եզրակացությունների ու ուսումնասիրությունների արդյունքները պետք է տրամադրվեն զոհվածների հարազատներին: Արթուր Սաքունցի խոսքով, նաեւ ՀՀ կենտրոնական զինվորական դատախազությունն ու ՀՀ քննչական կոմիտեն պետք է հարուցեն քրեական գործեր՝ զինտեխնիկայի, բուժօգնության, բժշկական սպասարկման տեխնիկայի անսարքության փաստերով, առողջական լուրջ խնդիրներ ունեցած զինծառայողներին զորակոչելու փաստերով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահը նշեց, որ ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը պետք է կազմակերպի հանրային լսումներ ապրիլյան պատերազմի ժամանակ եւ ապրիլյան պատերազմի հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքների թեմայով, իսկ ՀՀ մարդու իրավուքների պաշտպանը պետք է իրականացնի ուսումնասիրություններ ապրիլյան պատերազմի հետեւանքով մահացած զինծառայողների մահվան հանգամանքների եւ ՀՀ ՊՆ-ի, ՀՀ գլխավոր շտաբի կողմից իրենց պարտավորությունների վերաբերյալ: