Ծնողները չգիտեն՝ ինչից են զոհվել որդիները (տեսանյութ)
10:34, November 17, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱպրիլյան պատերազմում հայկական կողմից ավելի քիչ զինծառայողներ կզոհվեին, եթե բանակում չլինեին կոռուպցիան, չարաշահումները, հրամանատարական սխալները։ Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են 61 զոհվածի ընտանիքներին ու պարզել որդիների մահվան մանրամասները։
«Փամփուշտները չեն բավարարել, զինվորներն անընդհատ կապի մեջ են եղել հրամանատարական կենտրոնի հետ, որ իրավիճակն այսպիսին է՝ օգնեք, ոչ օգնական ուժեր են եղել, ոչ էլ հրաման է եղել, թե ինչ անել։ Մեկի գնդացիրն է խափանվել։ Դիրքը վերցնելիս են եղել, բայց հրահանգ են տվել հետ գալ։ Ծնողը գնացել տեսել է՝ տանկերը կանգնած էին՝ ակումլյատոր չեն ունեցել, վառելիքի փոխարեն ջուր լցրած է եղել»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից շատերն այսօր չգիտեն՝ արդյո՞ք հակառակորդն է սպանել իրենց զավակներին, թե մահվան այլ պատճառներ են եղել։ Հարցերը մինչև հիմա դուրս են գտնվում իրավապահների տեսադաշտից։ Իրավապաշտպանը պահանջներ ունի։
«Կենտրոնական զինվորական դատախազությունից և ՀՀ Քննչական կոմիտեից պահանջում ենք, որ քրեական գործեր պետք է հարուցվեն զինտեխնիկայի, բուժօգնության, բժշկական սպասարկման, զինտեխնիկայի անսարքության, ոչ պատշաճ բժշկական օգնության ապահովման հետևանքով մահվան փաստերի հիման վրա»։
Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ զոհերը հիմնականում անապահով ընտանիքներից են։ 61 ընտանիքից միայն 17-ի ներկայացուցիչներն ունեն մշտական աշխատանք։ Կատարյալ չի եղել նաև պետության կողմից զոհվածների ընտանիքներին աջակցման գործընթացը։ «Տարբերություն է եղել նույն կարգավիճակով մարդկանց դեպքում, նրանք տարբեր գումարներ են ստացել»,- ասում է ՀՔԱՎ ներկայացուցիչ Արմինե Սադիկյանը։
Զոհվածներից 15-ն ունեցել են առողջական շատ լուրջ խնդիրներ ու պետք է դիրքերում չհայտնվեին։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը զարմանում է՝ ինչպե՞ս կարելի էր այդ մարդկանց շարային ծառայության նշանակել, առավել ևս՝ տանել սահման, եթե անգամ նրանք կամավոր են մեկնել ծառայության։
«Պետությո՛ւն, մարտական հրահանգների որակ կա, ծանրաբեռնվածություն կա, եթե զինծառայողն ի վիճակի չի կատարելու, դու ո՞նց ես ռիսկի տակ դնում էդ մարդկանց։ Օրինակ՝ տեսողական խնդիրներով մարդու դու տանում ես գնդացրորդ նշանակում»։
Ապրիլյան զոհերի մահվան հանգամանքներն ու պատճառները ջրի երես հանելու համար իրավապաշտպան կառույցը դիմել է Ազգային ժողով՝ քննարկումներ անցկացնելու, սակայն մերժվել է։ Պաշտպանության նախարարությունը ևս լռում է՝ դա հիմնավորելով ռազմական գաղտնիքը պահելու անհրաժեշտությամբ։
«Այս հարցերը լռության դաշտ տեղափոխելը հանցագործության կոծկման միտում ունի։ Մենք չենք գտնում, որ այստեղ կան ռազմական գաղտնիքի հետ կապված հարցեր։ Երբ որ խոսքը վերաբերում է մարդկանց կյանքին, դա արդեն դուրս է որևէ անվտանգության նկատառումներից»,- նկատում է պարոն Սաքունցը։ Ըստ նրա՝ անելիք ունի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Հստակ չի ներկայացվում նաև ապրիլյան պատերազմում զոհերի թիվը։ Ըստ Պաշտպանության նախարարության՝ ապրիլի 1-ից 5-ը Արցախի սահմանները պաշտպանելիս մահացել է 89 հոգի, մինչդեռ ըստ զինվորական դատախազության՝ այդ թիվը 82 է։