Հստակ քաղաքական որոշում է կայացվել` անձամբ Սերժ Սարգսյանի մակարդակով. Արթուր Սաքունց
09:48, November 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՔիչ հավանական է, որ «1000 դրամի նախագիծ» անունով հայտնի օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, ի վերջո, օրենք չդառնա: Բոլոր նախադրյալները, այդ թվում` այսօր Ազգային ժողովում կայացած քվեարկությունը, անվիճելիորեն տանում են դրան: NewsBook-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց իրավապաշտպան, «Բողոք 1000 դրամ թալանի դեմ» նախաձեռնության անդամ Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ փաթեթի սահուն ընդունմանը ոչինչ չի խանգարի: Այդ են վկայում նախագծի քվեարկության արդյունքները` 102 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:
«Քվեարկության տվյալները խոսում են այն մասին, որ հստակ քաղաքական որոշում է կայացվել` անձամբ Սերժ Սարգսյանի մակարդակով: Անկախ հանրային կարծիքից` փաթեթն անպայման կանցնի, որովհետև դրա հեղինակները հասարակական կարծիքի հետ հաշվի նստել չեն պատրաստվում: Իհարկե, Պաշտպանության նախարարը որոշ ՀԿ-ների ներկայացուցիչների և մտավորականների հետ պալատական փակ քննարկումներ անցկացրեց, որոնց, ի դեպ, մենք հրավիրված չէինք` իմիտացիա ստեղծելու, որ այդքան կարևոր հարցն ինքնուրույն չի որոշում»,- նկատեց մեր զրուցակիցը:
Արթուր Սաքունցի խոսքով` բանակին 1000 դրամներով օգնելու նախաձեռնության հարցում ՀՀ կառավարությունը գործելու է առանց ՀՀ քաղաքացու կարծիքը հաշվի առնելու, ինչի ապացույցը վարչապետ Կարեն Կարապետյանի` մեծամասամբ ԱԺ չներկայանալն ու խնդրահարույց հարցերին այդպես էլ չպատասխանելն է:
«Պարզապես հերթական հակասահմանադրական օրենքն է ընդունվում, և Ազգային ժողովում օրինագծին դեմ քվեարկած ընդամենը 3 պատգամավոր է, որ առաջնորդվում է Սահմանադրությամբ, այլ ոչ քաղաքական նպատակահարմարությամբ: Ես չեմ արդարացնում նաև քվեարկությունից հրաժարվածներին, քանի որ բոլոր խորհրդարանականներից մենք այս հարցում հստակ դիրքորոշում էինք ակնկալում»,- ամփոփեց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 17-ին, 102 կողմ, 3 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերը: