2 երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու դատավճիռը մնաց անփոփոխ
14:00, November 23, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Կարինե ՀովհաննիսյանՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը, որի ընթացքում Անահիտ Պետրոսյանի պաշտպան Անժելա Ենգիբարյանը միջնորդություն ներկայացրեց՝ կրկնակի փորձաքննություն ներկայացնելու եւ վերաքննության կարգով դատաքննություն անցկացնելու վերաբերյալ: Պաշտպանը հիմնավորեց, որ անհրաժեշտություն կա կրկին դատարան հրավիրել ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանին, «Արմավիր» եւ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ների որոշ բժիշկների, ինչպես նաեւ՝ ներկայացնել որոշ բժշկական փաստաթղթեր:
Ենգիբարյանը նշեց, որ ըստ համապատասխան բժշկական գրության՝ մահացած Էրիկ Ամիրխանյանի ծնողները հրաժարվել են նրան տեղափոխել հիվանդանոց: Եվս մի շարք հարցեր կան, որոնք պետք է ճշգրտել:
Գործով տուժողներից Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը միջնորդության դեմ առարկեց՝ ասելով, որ Ասոյանին հարցաքննելու հիմքերը բացակայում են. «Նա առաջին ատյանի դատարանում հարցաքննվել է, ներկայացրել իր կարծիքը, որը գործի հանգամանքների հետ առնչություն չունի, քանի որ ունենք փորձագիտական եզրակացություններ»:
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը որոշեց Անահիտ Պետրոսյանի պաշտպանի նշյալ միջնորդությունները մերժել: Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նաեւ Անի Չատինյանի՝ պատժի մասով ներկայացրած բողոքը՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնելով անփոփոխ: Հիշեցնենք, որ ըստ այդ վճռի՝ բժշկուհի Անահիտ Պետրոսյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: