Հանցաշխարհի հետ Սերժ Սարգսյանի կապերը կոմպրոմատ են ռուսների ձեռքում
11:07, January 23, 2017 | ՆորություններՎերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում է ռուսական կոմպրոմատների ազդեցությունը տարբեր երկրների վրա: Անդրադառնալով «Առաջին լրատվական»– ի հարցին, թե տարիների ընթացքում հայ տարբեր իշխանավորների վրա այդ կոմպրոմատներն ի՞նչ ազդեցություն են ունեցել, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց. «Դժվարանում եմ միանշանակ գնահատական տալ, որովհետև մինչև վերջերս հրապարակավ չէինք կարող խոսել՝ հղում կատարելով այդ կոմպրոմատներին՝ անձի վերաբերյալ վարկաբեկող տվյալների բազային: Դրանք առանձին դեպքերում լրատվական միջոցներով մրցակիցների կողմից հատվածային բնույթ ունեցող տեղեկություններ էին, որոնք հեշտությամբ մարվում էին, որովհետև տեղեկատվության ձեռքբերողը և տարածողն ուներ կոնկրետ խնդիր տվյալ ժամանակահատվածում և այդ առումով վարկաբեկող տվյալների օգտագործումը կարճաժամկետ նշանակություն ուներ…
Այժմ, երբ որ դիտարկում ենք Հայաստանի իրականությունը, իրականության մեջ մենք ունենք փաստեր. ԵՏՄ-ի օգտին քվերակել է ԱԺ բացարձակ մեծամասնությունը, հետագայում Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ մեկ գիշերվա ընթացքում, Պուտինի հետ հանդիպումից հետո ինքը համաձայնել է հրաժարվել Ասոցացման պայմանագիրը ստորագրելուց, այնուհետև հայտարարել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին:
Եվ այդ ամենը բացատրվում էր անվտանգության խնդիրներով, բայց ավելի է խորացել այդ վտանգը: Երբ որ խոսքը վերաբերում էր միացյալ ՀՕՊ համակարգ ստեղծելուն, միացյալ զորախմբի ստեղծմանը, բոլորը կողմ էին քվեարկում: Երբ որ անկախ կուսակցական պատկանելությունից բոլորը դրսևորում են միատեսակ վարքագիծ, ես չեմ ասում, թե բոլոր քվեարկողների վրա ռուսական անվտանգության ծառայությունները մեկ առ մեկ ազդեցություն ունեն, բայց ակամա հարց է ծագում, որ այդ քաղաքական միավորների առնվազն ղեկավարների վրա նրանք որոշակի ազդեցություն ունեն…
Հիշենք հոկտեմբերի 27-ը, բոլորն ասում են, որ կա չբացահայտված մաս՝ իրական կազմակերպիչների առումով, այդ թվում նաև Արամ Զավենի Սարգսյանը իր հարցազրույցներից մեկում ասաց, որ իրեն Սերժ Սարգսյանը խոստացել է, որ հետո կհայտնի, թե ովքեր են կազմակերպիչները, այնուհետև այդ հարցն էլ մնաց օդում կախված:
Օդում կախված են մնում լուրերը, որ Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայությունները Հայաստանում հիմնական քաղաքական դեմքերի վրա ունեն ազդեցության լծակներ, և դա չի հերքվում, այլ հիմնավորվում է նրանով, որ միատեսակ վարքագիծ է դրսևորվում՝ անկախ կուսակցական շահերի տարբերություններից: Բոլորը բերանները ջուր են առնում, հենց որ խոսքը վերաբերում է Կրեմլին: Ոչ թե ՀՀ անվտանգության, այլ սեփական անվտանգության խնդիրներն են նրանց մտահոգում՝ գուցե ֆիզիկական անվտանգության, գուցե կարիերայի տեսակետից… Հիշենք, որ Ավետիսյանների ընտանիքի հետ կապված՝ քաղաքացիների բուռն ընդվզման պարագայում ևս չկար քաղաքական գնահատական ռուսական բազայի հրամանատարության պատասխանատվության մասին…»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադարձավ նաև վերջին օրերին համացանցում հրապարակված՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեսանյութին, որտեղ Սարգսյանը մասնակցում է խնջույքի, որին ներկա է եղել քրեական աշխահում մեծ հեղինակություն ունեցող Դեդ Հասանը: Տեսանյութը նկարահանվել է 1993 թվականին և օրերս հրապարակվել է ֆրանսիացի օգտատիրոջ կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում: