Ծիլքարի միջնակարգ դպրոցում հնարավոր չէ դասեր անցկացնել. քաղաքացին ահազանգում է
14:35, January 24, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունՕրեր առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Սպիտակ քաղաքի բնակիչ Բաբկեն Սարգսյանը և հայտնել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի դպրոցը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում: Ներկայիս տնօրեն Արման Հովհաննիսյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում դպրոցում ոչ մի անգամ վերանորոգում չի կատարվել՝ չնայած վերջինիս հավաստիացումներին, որ դպրոցը գտնվում է «մարզպետի ամենօրյա հսկողության ներքո»:
Պատշաճ ձևով լուծված չէ նաև դպրոցի ջեռուցման հարցը. այն իրականացվում է թիթեղյա վառարաններով, որոնց շահագործումը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արգելված է: Այդուհանդերձ, Բ. Սարգսյանի պնդմամբ, դպրոցում ապահովված չէ անհրաժեշտ ջերմաստիճան, ինչն անհնար է դարձնում ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումը և քայքայում աշակերտների առողջությունը:
Խնդրի մասին ահազանգել է նաև hraparak.am լրատվական կայքին, որտեղ հրապարակված լուսանկարներում հստակ երևում է դպրոցի անբարեկարգ վիճակը: Սակայն հարցը դեռևս մնում է չլուծված:
Քաղաքացու ահազանգի հիման վրա 2017 թ. հունվարի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն՝ բարձրացված խնդրի շուրջ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և այն լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով:
Նախարարության պատասխանը դեռևս չի ստացվել: