Ապրիլին կամավոր սահման մեկնած ուսուցիչը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման
16:26, February 2, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա ԾռերՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած հավաքների ընթացքում ոստիկանների հանդեպ բռնություն կիրառելու, մասնավորապես՝ նրանց վրա քար նետելու մեջ մեղադրվող Գագիկ Միքայելյանի պաշտպան Անի Չատինյանն այսօր կայացած դատական նիստում հանդես եկավ եզրափակիչ ճառով:
Նա նշեց՝ եթե դատարանը գա եզրահանգման, որ առկա է հանցակազմ, ապա պետք է հաշվի առնել որոշ հանգամանքներ: Գագիկ Միքայելյանը, ինչպես նշեց պաշտպանը, նախկինում դատապարտված եւ արատավորված չի եղել եւ մինչեւ կալանավորվելն աշխատել է 142 դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ: «Ազատության մեջ գտնվելու դեպքում՝ նա կարող է շարունակել աշխատել, քանի որ ուժի մեջ է աշխատանքային պայմանագիրը: Նա ամուսնացած է, երկու տարեկան երեխա ունի: Կինը բնակվում է հաշմանդամության թոշակառու մոր հետ: Միքայելյանը նրանց միակ կերակրողն է: Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նա աչքի է ընկել պարտաճանաչությամբ, նրա հայրն «Արաբո» ջոկատի ազատամարտիկ է: Նա մեկ վայրկյան չի մտածել ու ապրիլին մեկնել է սահման՝ որպես կամավոր»,-հայտնեց փաստաբանը եւ դատարանին ներկայացրեց Միքայելյանի մասին համապատասխան բնութագրեր ու փաստաթղթեր:
Վերջին խոսքում Գագիկ Միքայելյանն ասաց. «Նպատակ չենք ունեցել բռնություն կիրառել: Լուսաձայնային նռնակների նետումը անսպասելի սկսվեց, սկսեցինք պաշտպանվել: Խնդրում եմ հաշվի առնել, որ խնամակալության ներքո ունեմ կին եւ երեխա»:
Դատարանը խորհրդակցական սենյակից գալով՝ որոշեց Գագիկ Միքայելյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել երեք տարվա ազատազրկման:
(Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ՝ այս գործով նիստը թույլատրված էր նկարահանել առաջին տասը րոպեն):