Սաքունցը ոստիկանությանն առաջարկեց խիստ վերահսկողություն սահմանել ընտրակաշառքների հարցում
18:57, February 2, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ, Քննարկումներ | ՈստիկանությունԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՀ ոստիկանությունն այսօր «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծի հանրային քննարկում էր կազմակերպել: Մասնակիցները ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ էին ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նախագծի վերաբերյալ մի քանի դիտարկում ներկայացրեց: Ըստ նրա, անհրաժեշտ է խիստ հսկողություն սահմանել նաև քրեորեն հետապնդելի արարքների նկատմամբ, մասնավորապես ընտրակաշառքների հարցում: Նա նաեւ նկատեց, որ ոստիկանությունը պետք է ուժեղ վերահսկողություն սահմանի ոչ միայն ընտրությունների օրը, այլեւ՝ նախընտրական ժամանակահատվածում: Նա նշեց, որ ընտրական ժամանակահատվածում վարչական ռեսուրսների օգտագործման դեպքերն անխուսափելի են լինում.«Լինում են դեպքեր, երբ այս կամ այն թեկնածուն օգտագործում է իր վարչական լծակները: Օրինակ՝ լինում են դեպքեր, երբ ծառայողական մեքենաներով են գալիս քարոզարշավի»: Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը, անդրադառնալով՝ խիստ հսկողություն սահմանել քրեորեն հետապնդվող արարքների նկատմամբ պարոն Սաքունցի դիտարկմանը, ասաց. «Կփորձենք ուղեցույցի ծավալը շատ չավելացնել, բայց ձեր հիմնական հարցերին կանդրադառնանք»:
Քննարկման ժամանակ այսօր դիտարկում էր եղել նաեւ ընտրողներին տեղամաս ուղեկցելու ավանդույթին, ինչի կապակցությամբ պարոն Քոչարյանը նկատեց, որ ոչ միշտ է ճիշտ ժողովրդին տեղամաս ուղեկցելը ոչ իրավական դիտարկելը. «Դա կարող է հակաիրավական բովանդակություն չունենալ»:
Ընտրակաշառքի կանխարգելումն էլ պարոն Քոչարյանը տեսնում է հանրության աջակցության շնորհիվ. «Հակառակ պարագայում այդ դեպքերի բացահայտման աճ չի գրանցվի, որքանով էլ ոստիկանը թիվ մեկ իրավապահն է ընտրությունների ժամանակ, միևնույն է սրանք թաքնվող հանցագործություններ են… տեղեկատվություն ստանալու հարցում հանրության աջակցությունը երկար ժամանակ մնալու է որոշիչ»:
Պարոն Սաքունցն ասաց, որ իր առաջարկությունները կներկայացնի գրավոր, ապա ոստիկանության ու քննարկման մասնակիցների միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գրավոր առաջարկներից հետո եւս մեկ հանրային քննարկում կազմակերպվի: