Ժամանակն է ոստիկանությունը մտածի՝ ինչպես պայքարել վարչական ռեսուրսի չարաշահման դեմ. թեժ քննարկում
February 3, 2017ՀՀ ոստիկանությունում փետրվարի 2-ին տեղի է ունեցել «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծի հանրային քննարկում՝ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Առջևում համապետական ընտրություններն են և ոստիկանության այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր այդ ոլորտում հանրության և ոստիկանության փոխգործակցություն ապահովելու ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի, աշխատակազմի, հասարակական կարգի ապահովման և իրավաբանական վարչությունների, այլ ծառայությունների ղեկավարներ:
Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի բացման խոսքից հետո ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց քննարկման նպատակն ու խնդիրները և, ընդգծելով ընտրությունների շրջանում փոխգործակցության պատշաճ մթնոլորտ ապահովելու անհրաժեշտությունը, մասնակիցներին կոչ արեց ներկայացնել իրենց առաջարկներն ու դիտողությունները:
Դրական գնահատելով հանրային քննարկման նախաձեռնությունը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը անդրադարձան ուղեցույցի մի շարք կետերի, առաջարկներ արեցին և պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում էլ օրենսդրական ու իրավակիրառման ոլորտում շարունակել գործակցությունը ոստիկանության հետ:
Հովհաննես Քոչարյանը անհրաժեշտ մեկնաբանություններ ու պարզաբանումներ ներկայացրեց դիտողությունների և առաջարկների վերաբերյալ և հավաստիացրեց, որ հետագա քննարկումների արդյունքում կատարված համապատասխան փոփոխությունները տեղ կգտնեն ուղեցույցում:
Հանդիպման ավարտին ոստիկանության ներկայացուցիչները պատասխանեցին լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին»: