Սերժ Սարգսյանը պալատական գործիչ է. վկայությունը ՀՀԿ դպրոցում նրա անհաջող դասերն էին
10:44, February 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍ. Սարգսյանն օրերս դասախոսություն է կարդացել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախագահը խոսել է սեփական փորձից և միջազգային պրակտիկայում ընդունված նորմերից: Նա կարևորել է քաղաքական գործչի տնտեսագիտական և իրավաբանական կրթություն ունենալու և մայրենի և օտար լեզուների տիրապետելու հանգամանքը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ այս դասախոսությունը կարելի է անվանել ամենաձախողված քաղաքական գործչի, հանրապետության ամենաձախողված ղեկավարի դասախոսություն: «Այն, ինչ որ նա ասել է, խոսում է այն մասին, որ նա քաղաքականությունից ընդհանրապես բան չի հասկանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ա. Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով՝ քաղաքական գործիչ դառնալը չի կարող պայմանավորված լինել տնտեսագիական կամ իրավաբանական կրթությամբ: Նրա խոսքով՝ կարող ես ստանալ փայլուն կրթություն՝ սովորել քաղաքագիտություն, իրավաբանություն կամ տնտեսագիտություն, բայց լինել ամենաանհաջողակ քաղաքական գործիչը:
«Հիմա Սերժ Սարգսյանը առաջին հերթին խոսում է այն մասին, որը կապ չունի քաղաքականության հետ, և երկրորդ՝ խոսում է այնպիսի բաների մասին, որից ինքը բավականին հեռու է»: Սաքունցի խոսքով՝ նախագահը կարևորում է տնտեսագիտական գիտելիքները, սակայն նա իր նշանակած բոլոր վարչապետների առումով ձախողված է… «Ս. Սարգսյանը իրավաբանությունից խոսելու որևէ հիմք չունի, որովհետև ԱԺ ընտրությունների օրը նշանակել է Սահմանադրության և Ընտրական նորմերի կոպիտ խախտմամբ»,- նշեց իրավապաշտպանը:
Ա. Սաքունցի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն կուսակցություն չէ, այլ իշխանական լծակներ ունեցողների ակումբ է: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը, կուսակցությունից դուրս գալուց հետո ոչ մի համախոհ չի ունենալու՝ բացի իր ընտանիքի անդամներից. «Թերևս, ամենակատաղի քննադատողները լինելու են հենց իր շրջապատի մարդիկ: Սերժ Սարգսյանի դասախոսությունը անհաջող փորձ էր, ևս մեկ անգամ ցույց տալու, որ իրենք, այնուամենայինվ, կուսակցություն են»:
Մանրամասները՝ տեսանյութում: