Բողոքի ցույցի մասնակից Տարոն Սիրադեղյանի գործով վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 24-ին
17:23, February 6, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. փետրվարի 3-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Սարգսյանի, մասնակցությամբ՝ դատավորներ Ա. Աբովյանի և Ա. Բաբյանի, շարունակվեց ՀՀ Վարչական դատարանի 2016 թ. մարտի 2-ի վճռի դեմ պատասխանող և հակընդդեմ հայցվոր Տարոն Սիրադեղյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր տեսանյութի հետազոտման անհնարինության պատճառով:
Դատական նիստին մասնակցում էին հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանը, պատասխանող և հակընդդեմ հայցվոր Տ. Սիրադեղյանն ու վերջինիս ներկայացուցիչը:
Իրեղեն ապացույց տեսանյութի հետազոտումից հետո պատասխանողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը ներկայացրեց ստորադաս դատարանում գործով հարցաքննված վկա ոստիկանության աշխատակցի ցուցմունքի անհամապատասխանությունները, որոնք, ըստ նրա, պետք է հիմք լինեին ցուցմունքն անարժանահավատ համարելու համար:
Կողմերին տրվեցին որոշ հարցեր, այդ թվում՝ Տ. Սիրադեղյանին ոստիկանության բաժնում սահմանված երեք ժամից ավելի պահելու փաստը հիմնավորող ապացույցների վերաբերյալ, որից հետո դատարանը բողոքի քննությունը համարեց ավարտված:
Սույն գործով ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի 2017 թ. փետրվարի 24-ին՝ ժամը 10:45-ին: