Վանաձորի բժշկական կենտրոնում հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող որոշ հիվանդների հրաժարվում են անվճար բուժում տրամադրել
17:02, February 8, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ 2017 թ. փետրվարի 8-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել այն մասին, որ Վանաձորի բժշկական կենտրոնում հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող հիվանդներից մեկին, որն արդեն մի քանի շաբաթ դիալիզային անվճար բուժում է ստանում հիվանդանոցում, այսօր տեղեկացրել են, որ նա այլևս պետպատվերի շրջանակներում չի կարող բուժում ստանալ՝ պատճառաբանելով հիվանդի վերաբերյալ համապատասխան որոշմամբ: Վերջինս գրությամբ դիմել է բժշկական հաստատության ղեկավարությանը՝ վկայակոչված որոշումն ստանալու հարցով, սակայն այն չի տրամադրվել հիվանդին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցը փորձել է դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալ ՀՀ Առողջապահության նախարարությունից: Նախարարության աշխատակիցը նշել է, որ որևէ հիմնավորում կամ բացատրություն չի կարող ներկայացնել՝ հավելելով, որ նույն կարգավիճակում գտնվող որոշ հիվանդների անվճար բժշկական օգնություն տրամադրվում է, որոշներին՝ ոչ, միաժամանակ նշել է, որ առայժմ հիվանդի բուժումը կարող է իրականցվել միայն վճարովի հիմունքներով:
Այսպիսով՝ ինչպես բժշկական հաստատության, այնպես էլ Առողջապահության նախարարության կողմից որևէ իրավական հիմնավորում չի տրվել բարձրացված խնդրի շուրջ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ ևս դիմել է ՀՀ Առողջապահության նախարարություն՝ գրասենյակ ահազանգած անձի՝ անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքը վերականգնելու հարցով:
Նման կամայական մոտեցմամբ ՀՀ Առողջապահության նախարարությունը ոչ միայն խախտում է անձանց՝ Սահմանադրությամբ ամրագրված առողջության պահպանման իրավունքը, այլև խտրական մոտեցում է ցուցաբերում՝ նույն կարգավիճակում գտնվող տարբեր հիվանդների նկատմամբ:
Հավելենք, որ հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող անձանց՝ անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքը ամրագրված է մի շարք իրավական ակտերով: