Ընտրությունների էլեկտրոնային գրանցման սարքով կարողանում են անձնագրի պատճեով անգամ գրանցվել
18:00, February 13, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքԱյսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրենք մասնակցել են խորհրդարանական ընտրությունների համար բերված էլեկտրոնային գրանցման նոր սարքավորման փորձարկմանը. «15 հոգով փորձարկում իրականացրինք, որի ժամանակ առաջացան բազմաթիվ մտահոգություններ: Մեր դիտորդները նկատեցին, որ նույն անձը կարողացավ էլեկտրոնային գրանցման սարքով երկու անգամ գրանցվել: Էլեկտրոնային գրանցման սարքերը ընթերցեցին անձնագրի պատճենը՝ այն ընդունելով անձնագրի տեղ: Մի շարք խնդիրներ տեսանք, որոնք, հույս ունենք, մինչեւ ընտրություններ կլուծվեն: Եթե էլեկտրոնային գրանցման սարքերը պետք է թույլատրեն կրկնաքվեարկություն, ապա…ինքներդ եք հասկանում»:
Հարցին՝ տեսախցիկների տեղադրմամբ կլուծվե՞ն ընտրախախտումների հարցերը՝ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը պատասխանեց.«Երբ ՀՀ իշխանությունները համաձայնվեցին տեսախցիկներ տեղադրելու, արդյո՞ք նրանց հոգեբանությունը փոխվել է, եւ կարո՞ղ է պատահել, որ նրանք պատրաստ են ընտրությունների արդյունքում հեռանան. եթե դուք դրան հավատում եք, ես չեմ հավատում»:
Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ եթե ինչ-որ մի պահ պարզվի, որ ձայները իշխանությանը չեն բավականացնում, տեսախցիկներն անմիջապես կփչանան, լույսերը կանջատվեն, կսկսեն նորից կեղծիքները:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշեցրեց. «Գեներալ Մանվելն ասում է ՝ չագուչն էլ, մեխն էլ իրենց ձեռքում է: Հիմա էդ չագուչի ու մեխի պատմությունը, դրան նպաստող գործոնները փոխվե՞լ են, չե՛ն փոխվել: Ուզում է տեսախցիկներ լինեն, ուզում է տիեզերական արբանյակներից նկարահանող սարքեր լինեն՝ չի փոխվելու: Ժողովուրդ ջան, շան գլուխն այլ տեղ է թաղված»:
Ըստ Սաքունցի` եթե մեր քաղաքացիներն ունենան հստակ այլընտրանքի հնարավորություն, ոչ մի օլիգարխ իր փողերով չի հաղթի ժողովրդին, բայց չկա այսօր այդ այլընտրանքը:
Դանիել Իոաննիսյանն էլ ասաց. «Իհարկե, լավ է, որ տեսախցիկներ կան, չեղած տեղից բողկն էլ է միրգ, բայց մեծ հույսեր կապել տեսախցիկների հետ պետք չի»: Նա ասաց, որ ծեծուջարդ, խախտումներ անելուց առաջ կարող են տեսախցիկի լարը կտրել ու նոր մտնել տեղամաս՝ իրագործել իրենց պլանները: