«Հաց բերողի» ազատ արձակումը ոչ մի դեպքում չի փոխի իշխանության հանդեպ առկա վերաբերմունքը
10:27, March 7, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՔաղբանտարկյալներԱյսօր կեսօրին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ արձակվեց «Սասնա ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը։ Նա շտապ օգնության մեքենայով ՔԿՀ-ից տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ։ Ավելի վաղ հինգ պատգամավորներ վճարել էին «Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու համար գրավը։
Արթուր Սարգսյանի ազատ արձակումն իշխանությունների կողմից, թերևս, նախընտրական PR քայլ էր՝ հանրությանը ցույց տալու համար, թե իրենք ինչքան բարի են։ Թերևս հենց այդ նպատակով ու այդ հաշվարով էր ազատ արձակելուց հետո երկրորդ անգամ կալանավորեցին Արթուր Սարգսյանին։
Արթուր Սաքունցի խոսքերով՝ եթե իշխանությունների մտքով անցնում է, որ կարող են «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու հանգամանքը օգտագործել իրենց նախընտրական քարոզչության ընթացքում իրենց նկատմամբ առկա վերաբերմունքը ինչ-որ չափով փոխելու համար, ապա պետք է նրանց հիասթափեցնել, քանի որ «ինչ էլ անեն իշխանությունները, ինչ էլ անի Սերժ Սարգսյանն անձամբ, ՀՀԿ-ն իր ամբողջ ծաղկաբույլով, չեն կարող փոխել իրենց նկատմամբ հանրության մոտ առկա խորը ատելությունը և զզվանքը»։ «Չեմ կարծում, որ իշխանություններն այնքան միամիտ կգտնվեն, որ իրենց մտքում անգամ փորձ կանեն Արթուր Սարգսյանի ազատ արձակումը կապել իրենց նկատմամբ հանրության վերաբերմունքը փոխելու մասով։ Սա պարզապես ստիպված քայլ էր, քանի որ մարդը գնացել էր ծայրահեղ միջոցի»,- ասաց Սաքունցը։
Նրա խոսքերով՝ իշխանություններն այլ ելք չունեին, քանի որ նրա կալանավորման համար հիմքեր չկային, և եթե այդքանից հետո ինչ-որ բան պատահեր, ապա իրենք հայտնվելու էին անելանելի վիճակում։ «Իրենց արարքներում բացարձակ տրամաբանություն չկա։ Եվ հիմա, երբ փորձ է արվում ապօրինությունների հետքերը վերացնել, դա չպետք է դիտվի մեծ բարեգործություն, մարդասիրություն։ Նույն ապօրինությունը հիմա կիրառվում է նաև Շանթ Հարությունյանի, Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ, որ դեռ հայտնի չէ, թե ինչի համար են մինչ օրս պահում։ Ապօրինություն է կիրառվում նաև Արմեն Միքայելյանի և մյուսների նկատմամբ։ Նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որը պետք է միանշանակ վերանա։ Իշխանությունների այս պահվածքը հակամարդկային է և հակաիրավական։ Իսկ ընդհանրապես մարդասիրական հասկացությունները կիրառել այս իշխանությունների նկատմամբ, ապա դա անպտուղ և անարդյունք զբաղմունք է»,- հավալեց իրավապաշտպանը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը չի բացառում, որ իշխանությունները նման հաշվարկ արել են, որ Արթուր Սարգսյանին նորից կալանավորեն նախընտրական շրջանում ազատ արձակելու համար, սակայն դա ոչ մի կերպով չի կարող բարձրացնել նրանց վարկանիշը։ «Չեմ բացառում, որ նման հաշվարկ եղել է, բայց մարդուն տանջամահ անելը, հացադուլի 25-րդ օրը ազատ արձակելը՝ անբարո է։ Ես անբարո արարք եմ համարում նման հաշվարկը։ Դա երբեք չի կարող աշխատել իրենց օգտին։ «Հաց բերողն» ազատ արձակվեց հանրային ճնշման ազդեցության տակ, քանի որ, եթե նրա հետ մի բան կատարվեր, ապա ամբողջ պատասխանատվությունը կրելու էր իշխանությունը, որն այս օրերին ցուցադրում էր իր իշխանազանցությունը։ Իշխանությունը չէր ցանկանա ազատ արձակել Արթուր Սարգսյանին, քանի որ Հանրապետականի մոտ վրեժխնդրության ծարավը մոլուցքի է հասնում»,- նկատեց տիկին Ալեքսանյանը։ Նրա խոսքերով՝ երկու դեպքում էլ անընդունելի է իշխանությունների պահվածքը։