«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը սպանություն էր, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը». Արթուր Սաքունց
18:57, March 16, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա Ծռեր«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը սպանություն էր, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Նրա երկրորդ կալանքը, որը լիովին ապօրինի էր, որի դեմ՝ որպես ծայրահեղ բողոք, նա ընտրեց հացադուլը, հանգեցերց նման տխուր հետևանքի: Եվ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը, որովհետև այդ մակարդակում է միայն նման քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով որոշում կայացվում: Եվ սա համարում եմ իրապես սպանություն»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել է ժամեր առաջ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում: Մահվան պատճառը սիրտ-անոթային անբավարարությունն է եղել, ինչը, ըստ բժիշկների, հետվիրահատական բարդության հետևանք է:
«Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանի խոսքով՝ մահը պորտային օղակված ճողվածքի վիրահատությունից առաջացած բարդության հետևանք է: Բժշկի խոսքով՝ Արթուր Սարգսյանն ուներ աղիքի ճողվածք, նրա մոտ աղիների անանցանելիություն էր առաջացել, հիվանդանոց էր դիմել բավական ուշացած:
Միաժամանակ Արսեն Գրիգորյանը հստակ չի պատասխանում հարցին՝ հիվանդությունը բարդացել է Արթուր Սարգսյանի հացադուլի հետևանքով, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանքից ազատվել էր մարտի 6-ին, այն բանից հետո, երբ Դատապարտյալների հիվանդանոցում ավելի քան 25 օր հացադուլ էր հայտարարել և չէր դադարեցրել այն: Նրան Դատապարտյալների հիվանդանոցից ծանր վիճակով շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց:
«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը առաջին անգամ կալանաքից ազատվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին: Նրան ազատելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ փաստաբաններն ու իրավապաշտպաններն ահազանգել էին, որ Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, ինչը, կառավարության որոշման համաձայն, անհամատեղելի է պատիժը կալանավայրում կրելու հետ:
Այս տարվա փետրվարի 9-ին, սակայն, Արթուր Սարգսյանի նկատմամբ դարձյալ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 9-ին ձերբակալել էր Արթուր Սարգսյանին, նույն օրը դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Իսկ հիմքը այն էր, որ նա քննիչի պահանջով ժամանակին չի ներկայացել ՀՔԾ: Երկրորդ կալանավորման ժամանակ Արթուր Սարգսյանն ի նշան բողոքի մոտ 25 օր հացադուլ հայտարարեց: Փաստաբանները, նրան այցելած պատգամավորներն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգում էին, որ Սարգսյանի վիճակը վատ էր, նա հյուծվում էր, արյուն էր փսխում: Եվ չնայած այս ահազանգերին ու նրա մոտ մի շարք հիվանդությունների առկայությանը, հրատապ քայլեր չձեռնարկվեցին:
Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ սպանության մեջ մեղադրվողը՝ Լիսկայի տղան կամ ժողովրդի դեմ հրազեն գործադրող Երանոսյան եղբայրներն ազատության մեջ են, բացարձակ որևէ պատասխանատվություն չեն կրում: Այսինքն՝ ականատես ենք լինում խորը անարդարության:
«Իրապես վարչակազմն իր հակառակորդների նկատմամբ ունի միայն մեկ գործելաոճ՝ ոչնչացնել ֆիզիկապես, հոգեպես: Եվ դա ոչ միայն վերաբերմունք է «Հաց բերողի», այլ ընդհանրապես հանրության նկատմամբ: Այս դեպքը միանշանակ ցույց է տալիս, որ իշխանությունը հաշվի չի նստում հանրային կարծիքի հետ: Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխեցին Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցելությունից առաջ՝ շատ լավ հասկանալով, որ հարցը Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպման ժամանակ է նաև բարձրացվելու: Բայց Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունը սեփական քաղաքացիների նկատմամբ պատասխանատվություն չունեն»,- ասում է Սաքունցը: