«Արթուր Սարգսյանը՝ որպես քաղաքացի, առաջին անգամ Հայաստանի ներսում մարդասիրական միջազգային իրավունքը կիրառեց». Ա. Սաքունց
16:10, March 17, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Մենք կորցրեցինք քաղաքացու, որն իր քաղաքացիական գիտակցությամբ, արժանապատվության հիման վրա կատարեց քայլ: Դա նրա ընտրությունն էր, ինչպես նաև օրինակ, թե ինչպիսին էր քաղաքացին իր բովանդակությամբ»: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվանը:
Սաքունցի դիտարկմամբ՝ Արթուր Սարգսյանը՝ որպես քաղաքացի, առաջին անգամ Հայաստանի ներսում մարդասիրական միջազգային իրավունքը կիրառեց: «Կա լուրջ վտանգ, որ այս շղթայական գործողությունները կարող են հանգեցնել նրան, որ իշխանությունները չունենան ոչինչ անելու՝ բացի փոխվելուց»,- նշեց Սաքունցը:
Իրավապաշտպանը նկատում է. «Այստեղ կա նաև ընտրողական արդարադատության օրինակը, որովհետև եթե մի դեպքում գտնում են, որ հիմքեր կային խափանման միջոց կալանքը փոխելու, որն արեցին, ապա ինչ փոխվեց հետո, որ խափանման միջոց կրկին կալանքը կիրառվեց: Սա կամայականություն, է որովհետև չկար որևէ հիմնավորում երկրորդ անգամ կալանքը կիրառելու՝ որպես խափանման միջոց»:
Ըստ Սաքունցի՝ «Հաց բերողի մահվան մեջ պատասխանատվություն կրում են գլխավոր դատախազը, քննիչը, դատավորը, քրեակատարողական հիմնարկը, որը պետք է հարց բարձրացներ՝ անազատության մեջ գտնվող անձը ունի առողջական լուրջ խնդիրներ և դրանք անհամատեղելի են կալանքի հետ»: