Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործով նիստերն անհարկի հետաձգվում են
18:39, March 17, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Լիա Միսակյան2017 թ. մարտի 15-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, շարունակվեց մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործի քննությունը, որի շրջանակում ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրված «Արաբկիր» ԲԿ-ի բժիշկներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին:
Դատական նիստին ներկա էին ամբաստանյալներ Լ. Վարդանյանը և Զ. Այվազյանը, վերջիններիս պաշտպաններ Գ. Հովհաննիսյանն ու Ե. Սարգսյանը, մեղադրող Մ. Շահգալդյանը, գործով տուժող երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդ Գ. Միսակյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը:
Պաշտպան Ե. Սարգսյանը հարց ուղղեց դատարանին՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշման 17-րդ կետի վերաբերյալ, որով վճռաբեկ դատարանը դիրքորորոշում է արտահայտել այն մասին, թե Լ. Վարդանյանի և Զ. Այվազյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ չնշանակելով ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Քրեական օրենսգրքի որոշ դրույթներ: Պաշտպանին հետաքրքրում էր, թե որքանով է դատարանը հիմք ընդունելու դա գործի քննության ժամանակ՝ նշելով, որ ըստ այդ պատասխանի՝ կարող է բացարկի միջնորդություն ներկայացնել դատարանին:
Նախագահող դատավոր Մ. Մելքոնյանը պատասխանեց, որ դատարանն այդ հարցերին պետք է անդրադառնա դատական ակտի կայացման փուլում և որ գործը քննվելու է ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ծավալով: Ինչի արդյունքում Ե. Սարգսյանը խնդրեց հետաձգել դատական նիստը՝ բացարկի միջնորդության և հետագա մարտավարության հարցերն իր պաշտպանյալի հետ քննարկելու նպատակով: Մեղադրող Մ. Շահգալդյանը չառարկեց միջնորդության դեմ և նշեց, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը չի կարող հիմք լինել դատարանի համար:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը սրանում դատական նիստը ևս մեկ անգամ անհարկի հետաձգելու միտում նկատեց՝ նշելով, որ միջնորդությունը հիմնավոր կարող է համարվել միայն այն դեպքում, երբ պաշտպանը նախորդ նիստերին բացակայելու հիմքերի մասին բավարար ապացույցներ ներկայացնի: Եվ հավելեց, որ վճռաբեկ դատարանի վճռի վկայակոչված կետում արտահայտված դիրքորոշումները չեն կարող միանշանակ հիմք լինել լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
Լ. Վարդանյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանը համակարծիք էր Ե. Սարգսյանի հետ, իսկ վերջինս նախորդ նիստերի բացակայությունը պատճառաբանեց առողջական խնդիրներով՝ հավելելով, որ բուժօգնության չի դիմել և բժշկական փաստաթղթեր չի կարող ներկայացնել:
Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և հետաձգեց դատական նիստը: Գործի քննությունը կշարունակվի 2017 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 14:00-ին: