Երթ դեպի ԿԸՀ՝ ՀՀԿ-ին ընտրական պրոցեսներից հեռացնելու պահանջով
20:48, March 26, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻշխող Հանրապետականը (ՀՀԿ) վարչական ռեսուրս կիրառելու համար պետք է զրկվի առաջիկա ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, նման պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ երթ իրականացրեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։
«Ազատ և արդար ընտրություններ կարող են լինել միայն առանց Հանրապետական կուսակցության մասնակցության», – հայտարարեց երթի նախաձեռնողներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Դժգոհության պատճառը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակումն է, ըստ որի, հանրապետության 136 դպրոցներից և մանկապարտեզներից 114-ի տնօրենները հեռախոսազրույցներում խոստովանել են, որ իշխող Հանրապետականի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ:
«Հանրապետական կուսակցությունը չարաշահել է վարչական ռեսուրսները՝ մի ձեռքում կենտրոնացրել է վարչական բոլոր հնարավորությունները և խախտել է Ընտրական օրենսգիրքը, որը ունի շարունակական բնույթ և էական ազդեցություն ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա», – ասաց Սաքունցը։
Իրավապաշտպանը կոչ արեց ընտրություններին մասնակցող ուժերին՝ համատեղ դիմել ԿԸՀ՝ Հանրապետականի մասնակցությունն ընտրություններին դադարեցնելու համար։
«Եկել է ճշմարտության պահը, և մենք կիմանանք այդ դիմումով հանդերձ թե ով՝ ով է, ովքեր են այն քաղաքական ուժերը և կուսակցությունները, որոնք փորձում են հանդես գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անունից, բայց ոչ մի քայլ չեն ցանկանում կատարել ազատ և արդար ընտրությունների ապահովման ուղղությամբ», – հայտարարեց Սաքունցը։
ԿԸՀ արդեն դիմում է ներկայացրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ առաջարկելով դիմել դատարան՝ Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար:
Դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանի պնդմամբ, Հանրապետականի մասնակցությունը մեկ շաբաթից կայանալիք ընտրություններին կնշանակի, որ դրանք արդեն իսկ կեղծված են:
«Սա համակարգ է, սա ոչ թե առանձին որևէ դպրոցի տնօրենի գործունեություն է, այլ սա համակարգված է եղել, այսինքն՝ և՛ պետական կառավարման մարմիններ, և՛ ուժային կառույցներ, որոնք այսպիսի ծավալն ուղղակի չնկատել չէին կարող», – «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։
Արձագանքելով հրապարակմանը՝ Հանրապետական կուսակցությունը նշել է, որ ոչ աշխատանքային ժամերին քարոզչության ու կազմակերպչական աշխատանքի իրականացումն արգելված չէ օրենքով։ Տնօրենների մասնակցությամբ ձայնագրություններն էլ ՀՀԿ-ն համարում է քաղաքականապես ուղղորդված սադրանք։
«Սադրանք է թե սադրանք չէ, դա այն միակ հնարքն էր, ըստ էության, օրինական հնարքը, որով կարելի էր փաստագրել վարչական ռեսուրսի չարաշահումը, որը տեղի է ունեցել աշխատանքային ժամերին, և չկար որևիցե մեկը, որ հերքեր այդ հեռախոսազանգերին, որ ասեր՝ «իրենք նման գործունեությամբ չեն զբաղվում», ավելին՝ մինչև հիմա որևիցե փաստարկ Հանրապետական կուսակցության, անձամբ Սերժ Սարգսյանի կողմից չի ներկայացվել, որ իրենք չեն չարաշահում վարչական ռեսուրսները։ Եթե ՀՀԿ-ն մասնակցեց այս ընտրություններին, ապա արդեն իսկ այս ընտրություններն ազատ և արդար լինել չեն կարող, որովհետև վարչական ռեսուրսների շարունակական խախտումներ թույլ տված կուսակցությունը պետք է հեռացվի, այսինքն՝ արդեն իսկ չհեռացվելը հանդիսանում է ազատ և արդար ընտրությունների խախտում», – ասաց Սաքունցը։
«Ամոթ» գրությամբ և տնօրենների նկարներով բողոքի միջոցառումները կշարունակվեն են նաև առաջիկա օրերին, փոխանցեց Արթուր Սաքունցը: «Միամիտ չենք, որ ասենք՝ «մեծ ակնկալիքներ ունենք», բայց խոսքը պետք է հրապարակայնացվի, խոսքը պետք է հիմնավոր ներկայացվի», – ասաց իրավապաշտպանը։