Երևանի քաղաքապետարանի դեմ գործով վճիռը կհրապարկվի ապրիլի 19-ին
16:17, March 29, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. մարտի 29-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Ավագյանի, ավարտվեց Երևանի քաղաքապետարանի դեմ Արմինե Թանգիյանի հայցի քննությունը, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի՝ իր 2016 թ. հունիսի 2-ի դիմումի հիման վրա վարչական վարույթ չհարուցելու, չիրականացնելու և վարչական ակտ չկայացնելու գործողությունները:
Դատաքննությանը մասնակցում էին հայցվոր Ա. Թանգիյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմեն Կիրակոսյանը: Գործով որպես երրորդ անձ ներգրավված «Գարհար» ՍՊԸ-ի կողմից որևէ անձ չէր ներկայացել դատական նիստին:
Հայցվորի ներկայացուցիչն իր բացման խոսքում նշեց, որ Ա. Թանգիյանի բնակարանի ներքևում գործող «Սպորտ Փաբի» կողմից 2016 թ. մայիսի 30-ին 24:00-ից հետո աշխատելու ու բացօթյա առևտուր իրականացնելու դեպքերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարան ներկայացված դիմումի հիման վրա պատշաճ վարչարարություն չի իրականացվել, քանի որ պետք է հարուցվեր և իրականացվեր վարչական վարույթ, որն էլ իր հերթին պետք է եզրափակվեր վարչական ակտի ընդունմամբ: Ներկայացնելով համապատասխան իրավական հիմնավորումները՝ Տ. Սիրադեղյանը խնդրեց ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի գործողությունները: Իր խոսքում Տ. Սիրադեղյանը նաև անդրադարձավ նմանատիպ իրավիճակում նմանատիպ գործողություն կատարելու վտանգի առկայության վերաբերյալ առկա ապացույցներին:
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ա. Կիրակոսյանը հակադարձեց՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից բազմաթիվ ստուգումներ են կատարվել, սակայն, չի հաստատվել 24:00-ից հետո «Սպորտ Փաբի» աշխատելու և բացօթյա ծառայություններ մատուցելու իրավախախտումների առկայությունը, ուստի՝ արձանագրություն չի կազմվել, և խնդրեց մերժել ներկայացված հայցը:
Ապացույցների հետազոտումից հետո կողմերը հանդես եկան ամփոփիչ ճառերով՝ պնդելով իրենց դիրքորոշումները:
Գործի դատաքննությունն ավարտվեց, և վճռի կհրապարակման օր նշանակվեց 2017 թ. ապրիլի 19-ը՝ ժամը 17:30: