13 ընտրատարածքից 12-ում արձանագրվել են բռնությունների և ճնշումների վերաբերյալ ահազանգեր». Արթուր Սաքունց
18:01, March 31, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք«Մենք գտնում ենք, որ նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարություններին պատշաճ պատասխաններ չեն տրամադրվել»,- այսօր Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ասուլիսի ժամանակ ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ի կողմից այդ հայտարարությունները բազմակողմանի քննության չեն ենթարկվել, ԿԸՀ-ն բավարար ջանքեր չի ներդրել կամ չի դրսևորել քարոզչության ընթացքում հայտնի դարձած և հաստատված իրավախախտումները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:
«Որևէ մեկն այդպես էլ ուշադրություն չդարձրեց նրան, որ թեկնածուներից մեկը գտնվում է կալանքի տակ: Այսինքն՝ Անդրիաս Ղուկասյանը, որն այդպես էլ ամբողջ քարոզչության ընթացքում գտնվեց անազատության մեջ, չկարողացավ պատշաճ իրականացնել իր նախընտրական քարոզարշավը, և քաղբանտարկյալը մասնակցում է այս նախընտրական քարոզչությանը, ու սա ուշագրավ բնութագրերից մեկն է ՀՀ-ի 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին»,- նշեց Ա. Սաքունցը:
Նա հայտնեց, որ 13 ընտրատարածքից 12-ում արձանագրվել են բռնությունների և ճնշումների վերաբերյալ ահազանգեր. «Բարեգործության տակ քողարկված ընտրակաշառքի տարածման վերաբերյալ ահազանգեր եղել են 13 ընտրատարածքից 11-ում: Վարչական ռեսուրսների օգտագործման չարաշահման վերաբերյալ ահազանգեր, բացի ձեզ հայտնի տվյալներից, 13 ընտրատարածքում էլ եղել են»: