Հերթական աղաղակող խայտառակությունը ՀՀԿ-ից
20:40, March 31, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքԱԺ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը, թե ընտրակաշառքը պետք է ընդունել որպես բարեգործություն, աղաղակող խայտառակություն է: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նաղդալյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասել է. «Կլինեն հանրապետականները կամ մեկ այլ կուսակցության ներկայացուցիչները, բարձրաձայնում եմ, խնդրում եմ, որ սա հասցնեք մեր հանրությանը: Ով որ այսօր ցանկություն ունի ընտրակաշառք բաժանելու, նա մի մարդ է, ով պարզապես զբաղված է նվիրատվությամբ, պարզապես նվերներ է տալիս, առանց որևէ հույս ունենալու, որ այն մարդիկ, ովքեր այդ ընտրակաշառքը կվերցնեն, քվեարկելու են իր օգտին»:
Արթուր Սաքունցի խոսքով՝ փաստորեն Հերմինե Նաղդալյանը բարձր մակարդակով խրախուսում է հանցագործությունը՝ ընտրակաշառքը, որով նաև իրավապահ մարմիններին ուղղորդում է, որպեսզի ընտրակաշառքը՝ որպես հանցատեսակ, քրեորեն չհետապնդվի:
«Այս պարագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չպետք է լռի, այլ անհապաղ պետք է սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցի և Հերմինե Նաղդալյանին զրկի պատգամավորի թեկնածուի կարգավիճակից», ասաց իրավապաշտպանը: