ԵԽ նախարարների կոմիտեն ուշադրությամբ հետևում է «Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքին
17:29, April 5, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքՀՀ Կառավարությունը պատասխան է ներկայացրել «Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքի մասին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տեղեկանքի վերաբերյալ: Կազմակերպությունն այն ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն էր ներկայացրել դեռևս 2016 թ. նոյեմբերի 7-ին` մտահոգություն հայտնելով այն մասին, որ ՀՀ Կառավարությունը չի ապահովել վճռի ամբողջական կատարում. վատ վերաբերմունքի դեպքերով պատշաճ և ամբողջական քննություն չի տարվում, և ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ գործը նոր քննության ուղարկելու 2016թ. հունիսի 24-ի որոշումը ի կատար չի ածվել:
Հիշեցնենք, որ «Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հրապարակումից հետո, որով ՄԻԵԴ-ը ճանաչել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 6-րդ (Արդար դատաքննության իրավունք) հոդվածների խախտումները, Նալբանդյանների պաշտպան Սեդա Սաֆարյանը նոր հանգամանքի հիմքով բողոք էր ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան, որի արդյունքում կայացվել էր դատարանի վերոնշյալ որոշումը, որը, սակայն, 2016 թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ կողմերը դեռևս չէին ստացել:
Սրա առնչությամբ ՀՀ Կառավարությունն իր պատասխանում հայտնում է, որ 2016 թ. նոյեմբերի 3-ին կողմերն ստացել են որոշումը և առաջին ատյանի դատարանն արդեն իսկ վարույթ է ընդունել գործն ու դատական նիստեր անցկացրել:
Այս տեսանկյունից անհասկանալի է Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը ողջամիտ ժամկետների վերաբերյալ, արդյո՞ք որոշում ուղարկելու հնգամսյա ժամկետը կամ գործի լսման մեկտարյա ժամկետը կարելի է ողջամիտ համարել:
Ի պատասխան ԵԽ Նախարարների Կոմիտեի հորդորին՝ ՀՀ Կառավարությունը ներկայացրել է նաև վճռի կատարման գործողությունների ծրագիր, որում, ի թիվս օրենսդրական այլ միջոցառումների, կրկին հիշատակել է Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին, սակայն օրենսգիրքը դեռևս չի ընդունվել ՀՀ Ազգային ժողովի կողմից: Նկատենք, որ ԵԽ Նախարարների Կոմիտեն հատուկ շեշտադրել էր Քրեական դատավարության նոր օրենսգրքի անհապաղ ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև կոչ արել տեղեկություններ տրամադրել ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի դրսևորումների մասին հաղորդումների քննության ընթացքում քաղաքական դրդապատճառների վարկածը պատշաճ կարգով հաշվի առնելու ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվելիք գործողությունների մասին:
Հավելենք, որ «Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը ԵԽ Նախարարների Կոմիտեն դիտարկում է Վիրաբյանի գործերի խմբում և ուժեղացված վերահսկողություն իրականացնում դրա նկատմամբ:
Այս գործին Նախարարների կոմիտեի անդամները անդրադարձել են նաև Կոմիտեի 2016 թ. դեկտեմբերի 6-8-ը կայացած ժողովի ընթացքում՝ նշելով, որ հետաքրքրությամբ հետևում են Նալբանդյանի գործով վատ վերաբերմունքի հաղորդման փաստով վարույթի վերաբացմանը և կոչ անելով ՀՀ իշխանություններին ապահովել արդյունավետ և անկախ դատավարության իրականացում:
ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն ուղարկված տեղեկանքը և ՀՀ Կառավարության պատասխանը։