«Եթե տիրապետողը հիվանդությունն է, ապա առողջ ու ողջամիտ խոսքը փոքր հատվածում է հայտնվում»
17:43, April 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱպրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններն անցան առանց աչք ծակող խախտումների ու բռնության դեպքերի, բայց հուսահատ մթնոլորտում:
Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ այդ մթնոլորտը ոչ միայն մտահոգիչ, այլ ահազանգ պահանջող է: Ըստ նրա՝ վտանգված է մարդու գոյության հիմնարար սկզբունքը՝ արժանապատվությունը, մարդկային էության այն նվազագույն շեմը, որից ներքև իջնել արդեն չես կարող: Երբ մարմնից հանում ես ողնաշարը, մարդը վերածվում է ամորֆ մի նյութի, և այդ վիճակում գտնվող մարդուց արդեն չես կարող ակնկալել արժանապատիվ վարք:
Տպավորություն է, թե ընտրություններից հետո առաջացել է ճնշված հոգեբանական վիճակ: Այդ տպավորությունը հիմք ունի՞:
Քվեարկության ընթացքում տեսանք նյութականացված վիճակում այն, ինչի մասին երկար ժամանակ խոսում էինք՝ անպատժելիություն, անպատասխանատվություն, կոռուպցիա ու անարդարություն: Անգամ ահազանգել ենք, որ այդ վիճակը կարող է խիստ վտանգավոր նշանակություն ունենալ արդեն կենսական մակարդակի վրա:
Մեծ առումով փոփոխությունների ակնկալիք չունեինք, բայց միևնույն է հուսով էինք, որ մարդը (թեկուզ չքավոր, թեկուզ անազատ, թեկուզ վախեցած) որոշում կկայացնի ու իսկապես արժանապատվորեն ընտրություն կկատարի:
Վերջին հաշվով, մարդն է որոշիչը: Բայց որ տեսնում ես, թե որքան է խորացել շրջապատի ազդեցությունը, հասկանում ես, որ ընտրության ողջ պրոցեսը կարելի է նմանեցնել քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցող ընտրության հետ:
Ինչու՞:
Խնդիրը վարքագծի միահամուռ ու միատեսակ լինելն է: Քվեախցիկում ոչ ոք ոչ մեկի ձեռքը չի բռնել ու թելադրել, թե ինչպես քվեարկել: Բայց մարդը՝ ելնելով անազատության, և ամենակարևորը, հոգեբանական ենթարկվածության վիճակից, քվեարկում է ուղղորդված կերպով:
Քվեարկում է, զգալով իրեն անօգնական՝ անարդար ու անպատժելի համակարգի առջև: Այդ ենթարկվածության վիճակը իրականում սարսափելի է:
Եվ դա արդեն մարդաբանական, անգամ՝ քաղաքակրթական խնդիր է, քանի որ համակարգը հասցրել է վարակել մարդուն: Մշտապես եղել է գոնե ընդվզում, իսկ հիմա այն չկա:
Համակարգը, որն ուզում է պահպանել իր իշխանությունը, որպես կանոն՝ հանդիպելով դիմադրության, ստիպված է լինում դիմել բռնության ու ուժային մեթոդների, բայց հիմա մտահոգիչը այդ դիմադրության բացակայությունն է:
Դա վախի՞ հետևանք է:
Սովորաբար վախենում ես ինչ-որ բան կորցնելուց (ասենք, ինքդ քեզ): Բայց հիմա տեսնում ենք, որ մարդիկ այդ վախը չունեն, չեն էլ մտածում, որ կորցնելու բան ունեն:
Ի վերջո, կուսակցություններն ու քաղաքական ուժերը շատ լավ գիտեն, թե ինչպիսին է իրավիճակը: Բոլոր ուժերն էլ գործ ունեն նույն ընտրազանգվածի հետ: Եվ հարց եմ տալիս նրանց՝ իսկ դուք ի՞նչ եք արել, որպեսզի ձեր ընտրողն այս որակի չլինի:
Չէ՞ որ այս մթնոլորտում ու իրավիճակում խորհրդարանական մանդատներին արժանանալն ու տեր կագնելը լրացուցիչ մտահոգություն է: Այն կարելի է դիակապտություն անվանել: Այո, դիակների վրայով գնում են ու դիակների հաշվին ստանում ինչ-որ արտոնություններ:
Քաղաքացիական դիմադրողականությունը հասցվել է նվազագույնի, իսկ իշխող ուժը չի կարող ակումուլացնել հանրային բազմազան ակնկալիքներն ու պահանջները, ավելին՝ դրանց ուշադրությունն էլ չի դարձնում:
Եվ այս իրավիճակում ընտրողը ընտրության հնարավորություն չունի: Ոչ մի ուժ չի ներկայանում որպես միավորող, և ընտրողին դարձնում է այնպիսին, ինչպիսին ինքն է:
Ձեր կարծիքով՝ այս անտարբերության վիճակին չի՞ նպաստել մեդիան՝ իր ուղերձներով:
Ե՛վ այո, և՛ ոչ: Մեդիան չի կարող խոսք սինթեզել, այն իր տեքստերով ներկայացնում է հանրության մեջ արդեն իսկ եղած խոսքը:
Նկատի ունեմ բոլոր տեսակի մեդիան՝ թե՛ հանրային հեռուստատեսությունը, թե՛ ինտերնետային լրատվամիջոցները, որտեղ շատ քիչ տոկոս են կազմում միտք արտահայտող տեքստերը:
Մեդիան ներկայացնում է օբյեկտիվ իրականությունը, բայց մեր իրականությունն արդեն այնքան է փոխված ու խեղաթյուրված, որ մեդիայից շատ բան սպասել չենք կարող: Եթե տիրապետողը հիվանդությունն է, ապա առողջ, ողջամիտ ու արժանապատիվ խոսքը փոքր հատվածում է հայտնվում: Եվ նույնքան փոքր հատվածով էլ հայտնվում է մեդիայում:
Մեդիան չի կարող արհեստականորեն ավելացնել ողջամիտ խոսքի ծավալն ու դրան ավելի մեծ տեղ հատկացնել, քան իրականում այն ունի:
Բայց մյուս կողմից՝ կա նաև պատասխանատվության հարց: Մենք մինչև հիմա հանրային տեղեկատվական դաշտում չափորոշիչ չունենք: Բոլորիս մեղքն է, որ հանրությունը չկարևորեց Հանրային հեռուստաընկերությունը ու չդիտարկեց այն որպես տեղեկատվական դաշտում չափանիշներ ձևավորող կառույց:
Հանրային հեռուստատեսությունը նախևառաջ իր ծագումնաբանության տեսակետից պետք է հանրային լինի, քանի որ մեր հարկերի հաշվին է ապրում և ունի ամենամեծ լսարանը: Շատ վայրերում միայն այդ ալիքն են նայում: Իսկ մնացած հարյուրավոր մեդիա միավորումներով այդ բացը լրացնել չի ստացվի, բոլոր նման փորձերը կլինեն ընդամենը ակումբային նախաձեռնություններ:
Ցանկացած բռնապետական համակարգի համար առաջնային գործոնը տեղեկատվական աղբյուրներն են: Ռուսաստանում էլ ավտորիտար պետությունը սկսվեց ռուսական մի քանի առանցքային ալիքների կառավարումից:
Չափանիշների հարցում մենք անընդհատ տանուլ ենք տվել: Ավելի լավ կլիներ, որ Հանրային հեռուստատեսությունը մնար պետական, այդպես գոնե չէր աղավաղվի «հանրային» հասկացությունը:
Այն ոճը, որը ստեղծվում է Հանրայինում, սկսում է շարունակվել ու տիրաժավորվել այլ մեդիայում: Անունով դա մեդիա է, բայց իրականում՝ պրոպագանդայի միջոց է: Դեռ Գեբելսն է ասել, որ եթե անընդհատ կրկնես սուտը, այն, ի վերջո, կընդունվի որպես ճշմարտություն:
Այս ընտրությունները բացահայտեցին դա: Նախընտրական քարոզչության ժամանակ տրամադրվող խոսքի ելքերով չստացվեց կոմպեսացնել ու վերացնել երկար ժամանակվա պրոպագանդան: Տեսանք, որ կա կարծիքների պսևդո-բազմազանություն, որն ուներ միայն թվաբանական արտահայտում, բայց բովանդակային տեսակետից դատարկ էր:
Միևնույն է, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հանրային հեռուստատեսությամբ չենք տեսնում: Եվ խնդիրն այն է, որ դա չենք համարում խոսքի սահմանափակում:
Իսկ իրականում հենց հանրային ալիքը պետք է այդ խոսքի ազատության երաշխավորողը լիներ, քանի որ հանրային ռեսուրսների հաշվին է ապրում: Եվ սա ոչ թե էթիկայի, այլ ուղղակի պատասխանատվության հարց է:
Այս քվերկության թվային արդյունքները փաստեցին, թե որքան խորը ազդեցություն է ունեցել ոչ միայն խոսքի ազատության սահմանափակումը, այլև խոսքի բովանդակության աղճատումն ու միակողմանի պրոպագանդումը (այսինքն, հանուն ինչ-որ նպատակների):
Ընդհանրապես, քվեարկությամբ արձանագրեցինք մի քանի լուրջ համակարգային խնդիրների երկարատև ազդեցության արդյունքը: Հասել ենք մի վիճակի, երբ ամեն ինչը (տնտեսությունը, մշակույթը, կրթությունը, քաղաքականությունը) տեղավորվում է մեկ կուսակցակական համակարգի տրամաբանության մեջ:
Կարծես ավելի շատ մարդաբանական, քան հետընտրական խնդիրների մասին խոսեցինք:
Այս պահին անգամ հետաքրքիր էլ չէ, թե տարբեր տեղամասերում որքան էր խախտումների տոկոսը, որքանով սահմանափակվեց խոսքի ազատությունը կամ էլ ինչ կասեն միջազգային դիտորդներն իրենց զեկույցում: Դրանք անցած փուլ են: Այո, տեղի է ունեցել վարչական ռեսուրսների կազմակերպված ու զանգվածային չարաշահում:
Բայց ես ուզում եմ ոչ թե արձանագրել ընտրակաշառքների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա, այլ հասկանալ, թե ընտրակաշառքը ինչու պետք է ազդեցություն ունենա:
Ընտրակաշառքի պատճառներն ավելի մտահոգիչ են, քան ինքնին փաստը: Փաստերը ընդամենը արտաքին մակերեսում գտնվող բան են, իսկ պատճառները, որոնք հանգեցրել են այս վիճակին, շատ ավելի խորն են:
Բա հետո ինչպե՞ս ենք ապրելու: Էպիզոդիկ բողոքների դեպքում կարելի է հասկանալ քայլերի հաջորդականությունը, բայց սա արդեն մեկ մարդու բողոք չէ: Սա մարդկային էության հարց է, որը անմիջականորեն առնչվում է մարդու ողնաշարի հետ: Պատկերացրեք, որ այդ հիմք-ողնաշարը հանում ես մարդու միջից: Այդ դեպքում մարդը դառնում է ամորֆ ինչ-որ էակ:
Եթե նույնիսկ շատերին այս խոսքը դուր չի գալիս, միևնույն է այն պետք է արտահայտվի: Եվ հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ պետք է արտահայտվի: Խոհանոցու՞մ, փակ սենյակներու՞մ, Հանրային հեռուստատեսությունու՞մ…
Ինձ համար ամենասարսափելին այսօրվա քաղաքակրթական դեգրադացիայից օգտվելու կարողությունն է: Ինչպե՞ս կարող են քաղաքական ուժերն օգտվել այդ դեգրադացիայի պտուղներից: Դա թերևս արդեն ինքնասպանության նման մի երևույթ է:
Տրիվիալ արտահայտություն է, բայց իրոք՝ հույսը վերջինն է մեռնում: Իսկապես պետք է փնտրել ելքի տարբերակները:
Նույն վիճակում գտնվող մարդկանցից ընդամենը մի քանիսը կարող են իրենց ներքուստ ազատ ու արժանապատիվ զգալ: Եվ հենց նրանք են կարողանում մարդկային ստանդարտը պահել: Այսինքն, լինել ազատ անազատության պայմաններում:
Իհարկե, նրանց կարելի է ոչնչացնել, բայց նրանց չնյութականացված ստանդարտը (արժանապատվությունը) մնալու է:
Ազատությունը մարդու բնական ձգտումն է, բայց այն մեզ մոտ խեղված է ու ըմբոստության չի հանգեցնում:
Կարծես տեղի է ունենում էներգիայի կորուստ, սկսած Էլեկտրիկ Երևանի ըմբոստությունից:
Էներգիայի կորուստ տեղի ունեցավ, երբ խոսք գնաց էլեկտրիկ Երևանի ցույցերը չքաղաքականացնելու մասին: Դա էր կորուստը:
Նման բան տեղի ունեցավ նաև այս քարոզարշավի ժամանակ, երբ մի քաղաքացի, դիմելով Գագիկ Ծառուկյանին, սկսեց քննադատել Սերժ Սարգսյանին, իսկ Ծառուկյանը պատասխանեց՝ եկեք չքաղաքականացնենք:
Սա իրականում եզակի պատասխան է, որը ուղղված է հենց էներգիան մսխելուն: