ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով կոմիտեի 17-րդ նստաշրջանին ՀՈՒԱԻԿ իրականացման ընթացքը ներկայացրին հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները
17:58, April 7, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խտրականության արգելումՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով կոմիտեի 17-րդ նստաշրջանի շրջանակներում 2017 թվականի մարտի 27-ին Կոմիտեում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման ընթացքը ներկայացրին հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներ Սուսաննա Դավթյանը և Մարիետա Թեմուրյանը: Կազմակերպության ներկայացուցիչները Կոմիտեի ուշադրությունը հրավիրեցին հատկապես Կոնվենցիայի՝ օրենքի առաջ հավասարության և անկախ ապրելու ու համայնքում ներգրավվելու իրավունքների ապահովմանը (Կոմիտեին ներկայացված քաղաքականության փաստաթղթերը հայերեն և անգլերեն լեզուներով կցված են):
Նստաշրջանի շրջանակում 2017 թվականի մարտի 29-30-ը քննարկվեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության զեկույցը։
Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար, ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի կողմից Կոնվենցիայի կատարման վերաբերյալ տեղեկատվության ներկայացումից հետո ՀՀ պատվիրակությունը պատասխանեց ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով կոմիտեի անդամների հարցերին։ Դրանցով Կոմիտեի անդամներն ուշադրություն հրավիրեցին մի շարք կարևոր հիմնախնդիրների վրա, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող կանանց, երեխաների հիմնախնդիրներին, սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձին անգործունակ ճանաչելու, հարկադիր բուժման ենթարկելու, ինստիտուցիոնալացման հիմնախնդիրներին։
Անդրադարձ կատարվեց նաև Խտրականության դեմ պայքարի օրենքի ընդունման ժամանակացուցին, որին ի պատասխան՝ ՀՀ Կառավարության ներկայացուցիչը հայտնեց, որ այն նախատեսվում է ընդունել մինչև տարվա վերջ, Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրի ֆինանսավորմանը, որի առնչությամբ ՀՀ Կառավարության ներկայացուցիչը տեսակետ հայտնեց, որ պետական բյուջեն բավարար չէ բոլոր «ցանկությունները» կատարելու համար։
Հարց բարձրացվեց նաև կոնվենցիոն պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի առկայության վերաբերյալ. Կառավարության ներկայացուցիչը հայտնեց, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն՝ որպես Կոնվենցիայի դրույթների կիրառման նկատմամբ մշտադիտարկում իրականացնող անկախ մեխանիզմ հանդես է գալիս Մարդու իրավունքների պաշտպանը:
Նշենք, որ վերը նշված հիմնախնդիրները, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել էին նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2014 թ. պատրաստված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի/ՀՈՒԱԻԿ այլընտրանքային զեկույցում»:
ՀՀ զեկույցի երկօրյա քննարկումից հետո Հայաստանի Հանրապետության հատուկ զեկուցող, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով կոմիտեում Լիտվայի ներկայացուցիչ Ջոնաս Ռուսկուսն իր եզրափակիչ ելույթում առանձնացրեց հետևյալ նկատառումները:
– Պետությունը պարտավոր է ապահովել օրենքի առջև հավասարությունը, պետք է վերացնել այն մեխանիզմները, որով սահմանվում է անձի փոխարեն որոշումներ կայացնելը՝ դրանք փոխարինելով որոշումների կայացման աջակցման մեխանիզմով։
– Պետությունը պետք է ապահովի ֆիզիկական մատչելիությունը ենթակառուցվածքների, տրանսպորտի, հաղորդակցության առնչությամբ՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը։
– Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է անկախ ապրելու, հասարակության/համայնքի մեջ ներառվելու հնարավորություն ունենան։ Այս նկատառումը, ինչպես նաև կոնվենցիոն պահանջները պետք է ներառվեն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծում։ Ընդ որում՝ ցանկացած որոշում, ինչպես նաև կոնվենցիոն պահանջների կատարումը պետք է իրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև վերջիններիս շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ սերտ քննարկումների միջոցով։
Ջ. Ռուսկուսն իր ելույթով նաև կոչ արեց Հայաստանի Հանրապետությանը.
– պայքարել կանանց նկատմամբ բռնության դեմ, մշակել կոնկրետ քաղաքականություն, oրենսդրություն։
– ամրապնդել ներառական կրթությունը, աջակցել ուսուցիչներին՝ երեխաներին համապատասխանեցված կրթություն ապահովելու տեսանկյունից: