Անորակ վառելիքի վերաբերյալ վարչապետի հայտարարության հիման վրա քրեական գործ չի հարուցվի
14:44, April 14, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ անորակ նավթամթերքի պատճառով ռազմատեխնիկայի չաշխատելու վերաբերյալ աղմկահարույց հայտարարության առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:
ՀՀ Ազգային ժողովում վարչապետի վերոնշյալ հայտարարությանն անդրադարձել էին մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ politik.am լրատվական կայքը հրապարակել էր «Ծանր հանցագործություն. վարչապետը մեղադրում է Բարսեղ Բեգլարյանի՞ն» վերնագրով նյութ, որում մեջբերելով Կ. Կարապետյանի խոսքը՝ կայքն այն որակում է որպես հանցագործության մասին հաղորդում: Իսկ 1in.am լրատվական կայքն էլ անդրադարձել էր վերոնշյալի վերաբերյալ Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որում վերջինս սպառնացել էր նշել մեղավորների անունները:
Դատախազությունը դրանք որակել է որպես վերացական բնույթ կրող և ենթադրությունների վրա հիմնված տվյալներ և հրաժարվել քրեական գործ հարուցել, միաժամանակ պատճառաբանել, թե «քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման և մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել»:
Դատախազությունից հայտնում են նաև, որ քառօրյա պատերազմի ընթացքում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոր՝ տանկերի բաքերում դիզվառելիքի փոխարեն ջուր լինելու և մարտկոցների բացակայության մասին հայտարարության կապակցությամբ նախապատրաստված նյութերով վերը նշված հանգամանքները չեն հիմնավորվել, և սրա վերաբերյալ ևս քրեական գործ չի հարուցվել: Սրան ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անդրադարձել էր նաև «2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» անցած տարվա նոյեմբերին հրապարակված զեկույցում: