ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և Կազմակերպության դիտորդը ընտրական հանձնաժողովի գործողությունների իրավաչափությունը վիճարկում են դատարանում
20:49, April 14, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդը «Անկախ դիտորդ» հասրակական դաշինքի կազմում իրականացրած դիտորդական առաքելության ընթացքում Արմավիրի մարզի թիվ 14/10 ընտրական տեղամասում, ի թիվս այլ խախտումների, նկատել է նաև նույն անձի կողմից ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձանց երեք անգամ օգնելու դեպքեր, և այս խախտման վերաբերյալ առաջարկել է գրառել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։ հանձնաժողովի նախագահը անհիմն մերժել է դիտորդի պահանջը:
Տեղամասային հանձնաժողովի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և դիտորդի գնահատականը գրանցամատյանում արձանագրելուն պարտավորեցնելու պահանջով բողոք է ներկայացվել թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողով, որը ևս, քննելով բողոքը, մերժել է այն: Ընդ որում՝ տարածքային ընտրական հանձնաժողովը մերժել է դիտորդի ներկայացուցչի՝ տվյալ տեղամասի տեսանկարահանման ֆայլը հետազոտելու միջնորդությունը, և վկայակոչել է դիտորդի կողմից նույն տեղամասում արձանագրված այլ խախտումների վերաբերյալ գրանցամատյանում արված գրառումները, որոնք որևէ առնչություն չունեն վկայակոչված խախտմանը:
Այսպիսով՝ խախտվել է ոչ միայն դիտորդի՝ ընտրական օրենսգրքով ամրագրված իրավունքը, այլև խոչընդոտվել է դիտորդական առաքելության իրացումը:
Հաշվի առնելով ընտրական հանձնաժողովի կողմից համանման իրավիճակներում վերը նշված գործողությունները կատարելու վտանգի առկայությունը՝ դիտորդ Օ. Ա.-ն և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել են ՀՀ Վարչական դատարան՝ 14/10 ընտարական տեղամասի հանձնաժողովի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, դիտորդի գնահատականն արձանագրելուն պարտավորեցնելու և թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ բողոքը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
2017 թ. ապրիլի 12-ին ՀՀ Վարչական դատարանում կայացած առաջին դատական նիստի ընթացքում պատասխանող կողմը ժխտեց, որ դիտորդը վերոնշյալ ընտրախախտման վերաբերյալ գրանցամատյանում գրառում կատարելու պահանջ է ներկայացրել հանձնաժողովի նախագահին:
Նկատենք, որ թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովում դրա վերաբերյալ բողոքի քննության ընթացքում դա չէր վիճարկվել, ավելին՝ պնդել էին, թե գրառումը կատարվել է:
Այսօր արդեն հրապարակված վճռով դատարանը մերժեց դիմումը։